«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» ծրագրի մեկնարկիին հրատարակվել է արդեն 5 անուն գիրք

ԿԳՄՍ նախարարության կողմից գրահրատարակչության ոլորտում մեկնարկել է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային  նոր ծրագիրը:

Նախարարությունից մանրամասնում են, որ ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել և ցանկավորվել են արտերկրում գործող  մոտ 500 գրադարաններ, որոնք համալրվելու են ծրագրի շրջանակում հրատարակված գրականությամբ:

Ծրագրի համատեքստում խրախուսվում են հայ մշակույթի վերաբերյալ առավել հանրամատչելի շեշտադրումները՝ զերծ գիտական բառապատկերներից և բառամթերքներից, ինչը հնարավորություն է տալու ընդլայնելու ոչ միայն ոլորտն ուսումնասիրող մասնագետների շրջանակը, այլև ընթերցողական բազմաշերտ լսարանները:

Ծրագրի գաղափարն ի հայտ է եկել եվրոպական երկրների մեծ մասի քաղաքային, շրջանային և համալսարանական գրադարանների տվյալների բազան ուսումնասիրելիս. արձանագրվել է այն փաստը, որ ֆոնդերում առկա Հայաստանին ու հայերին առնչվող հայ կամ օտար հեղինակների աշխատանքներ կամ չկան, կամ խիստ սակավ են:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անդրադառնալով վերը նշված խնդիրներին, ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը նախևառաջ տեղեկատվական քաղաքականություն է, և միայն տիրապետելով ու կառավարելով տեղեկատվական հոսքերը՝ հնարավոր է բարձրացնել, ամրապնդել ճանաչելիության մակարդակն այդ դաշտում:

Ըստ նրա,   հրատարակվել է մեծ անհրաժեշտություն ներկայացնող գրականություն, այդ թվում՝ հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որն օտարազգի ընթերցողին, մասնագետին երբևէ հասանելի չի եղել և գալիս է լրացնելու հսկայական մի բաց՝ մեծանուն արվեստագետի կյանքին և գործունեությանը վերաբերող:

Արա Խզմալյանը մատնանշել է նաև հայկական հնագիտական արժեքները, որոնք նույնպես օտարալեզու հանրությանը ներկայացված չի եղել, և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրատարակել է բարձր չափանիշներով ներկայանալի  հրատարակություն: Հրատարակվել է նաև Ալ. Սպենդիարյանի կյանքին և գործունեությանը նվիրված օտարալեզու  պատկերագիրք՝ հարուստ արխիվային նյութերով:

Որպես նախընտրելի թեմաներ՝ նախանշվել են հետևյալ ուղղությունները. Արցախի պատմամշակութային ժառանգություն (ներառյալ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների ժառանգությունը), hայկական գորգարվեստ (նաև ոչ նյութական մշակութային ժառանգության այլ դրսևորումներ), hնագիտական ժառանգություն, ուրարտագիտություն, հայկական ճարտարապետական ժառանգություն, դասական արժեքների միջազգայնացում:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են նաև, որ 2022 թվականին «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի շրջանակում հրատարակվել է արդեն 5 անուն գիրք. «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագիրք- ուսումնասիրություն (ֆրանսերեն), «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» (անգլերեն), «Արցախի վտանգված քրիստոնյա-հայկական ժառանգությունը» (անգլերեն), «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» (ռուսերեն, անգլերեն), «Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» (պարսկերն):