Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը. դա համապատասխանում է միջազգային իրավունքին․ Յաել Բրաուն-Պիվե (տեսանյութ)

Դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը, այսօր Ֆրանսիան չի ճանաչում  Լեռնային Ղարաբաղի անկախությունը. դա  համապատասխան միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանելով հարցին, թե ժամանակը չէ՞, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։

Նրա խոսքով, Ֆրանսիայի եւ Սենատը, եւ Ազգային ժողովը ընդունել են բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին, դատապատելով նաև Լաչինի միջանցքի շրջափակմումը։

Լրագրողի հարցին՝  Ադրբեջանը համարում  է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է՝ այսպիսով մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, ի՞նչ տեսակետ ունի այս հարցով, ԵԱՀԿ-ն կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Լաչինի միջանցքի բացման հարցով, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց.  «Ես կարծում եմ, որ այսօր կարևոր է՝ կողմերը վերադառնան երկխոսության։ Մինսկի խումբը գոյություն ունեցող հարթակներից մեկն է։ Իհարկե, միակը չէ, բայց շատ կարևոր հարթակ է։ Այսօր կարևոր է, որ  դրան մասնակցի յուրաքանչյուր կողմ, ընդունի  երկխոսության վերադառնալու անհրաժեշտությունը։

Մենք՝ խորհրդարանականներս, կոչ ենք անում վերադառնալ երկխոսության Մինսկի խմբի շրջանակներում։ Բայց սա միակ ձևը չէ։ Պետք է բոլոր  միջոցները փորձվեն, որպեսզի հնարավորինս իրավիճակի լարումը դադարի։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև, բնականաբար, Հայաստանի դերը՝ մեզ ասելու, թե որոնք են այն պայմանները, որոնք թույլ կտան վերադառնալ երկխոսության»,- նշեց նա:

Ասուլիսն ամբողջությամբ՝