ԱՄՆ սենատորները նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով օգնել Արցախին

Լեռնային Ղարաբաղի շրջափակումը կործանարար հետևանքներ է ունենում առանց այն էլ խոցելի տարածաշրջանի համար, որը դեռ վերականգնվում է 2020 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքներից։ Չնայած հայտարարություններին, թե շրջափակումն իրականացնում են «էկոցուցարարները», թվում է, թե վերջնական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ալիևյան ռեժիմը։ Ավելին, ռուսական ուժերը, որոնց հանձնարարված է խաղաղապահ առաքելությունը, չեն կատարել իրենց պարտականությունները։ Այս մասին գրել են ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում։

Նամակում սենատորները ներկայացրել են ՀՀ ԱԳՆ-ի և օմբուդսմենի հաղորդագրությունները Լաչինի միջանցքի շրջափակման նպատակների և հետևանքների վերաբերյալ: Նշվում է, որ Արցախում պարենային դեֆիցիտ կա, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում․ «Հայաստանի կառավարության տվյալներով՝ Բաքուն զրկում է Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակչի տեղաշարժի ազատությունից՝ փաստացի նրանց պատանդ պահելով,  փորձելով առաջ տանել սեփական նպատակները։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն արդեն հայտնել է Լեռնային Ղարաբաղի բնակչի մահվան մասին, ում թույլ չեն տվել Հայաստանում բուժօգնություն ստանալ: Շատ այլ կյանքեր վտանգված են սննդի և դեղորայքի աճող պակասի պատճառով»։

«Միացյալ Նահանգները չի կարող անմասն մնալ այն դեպքում, երբ Ալիևի ռեժիմն անխնա սպառնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կյանքին և պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի քաղաքացիական բնակչությանը սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի հասանելիությունից զրկելու համար»,-ասվում է նամակում:

Սենատորները նաև գոհունակություն են հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լեռնային Ղարաբաղում տեղաշարժի ազատությունը:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի պատասխանատվության ճանաչումը այդ շրջափակման համար, որը հումանիտար ճգնաժամ է առաջացրել, բայց միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի պաշարված բնակչության համար հումանիտար ապրանքների և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ հոսքը վերականգնելու համար։ Մենք պետք է աջակցենք այն կազմակերպություններին, որոնք աշխատում են օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, և մենք պետք է աշխատենք մեր համախոհ գործընկերների հետ ամբողջ Եվրոպայում, որոնք նույնպես մտահոգություն են հայտնել Բաքվի գործողությունների կապակցությամբ, որպեսզի ճնշում գործադրեն Ալիևի ռեժիմի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի այդ անընդունելի շրջափակումը»,-նշել են ԱՄՆ սենատորները։