Մոսկվան տարընթերցումներ է տեսնում Երևանի դիրքորոշման մեջ․ Մարիա Զախարովա

Մենք անում ենք ամեն ինչ՝ որպես Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների անկեղծ կարգավորում ցանկացող օբյեկտիվ միջնորդներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան հիշեցրել է անցած տարի դեկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնելու Մոսկվայի առաջարկը։ «Երկու երկրների առաջնորդները համաձայնել են, սակայն վերջին պահին ՀՀ ղեկավարությունը չեղարկել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի այցը։ Դա խանգարել է քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլև այլ հրատապ խնդիրներ․․․ եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծել բարձր մակարդակով, եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը․․․ Բանալի բառը համատեղ աշխատանքն է։ Հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու Ռուսաստանի առաջարկը մնում է ուժի մեջ։ Մեր միջնորդական հնարավորությունները միշտ գտնվում են կողմերի տրամադրության տակ»,-նշել է նա։

Նա կրկին անդրադարձել է հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հակասական հայտարարություններին։

«․․․Միայն մեկ հարցով, մեկ նրբերանգով չէ, որ տեսնում ենք տարընթերցումներ Երևանի դիրքորոշման մեջ։ Նման առիթները և թեմաները մի քանիսն են, ընդ որում, լուրջ թեմաներ։ Եվ մենք տեսնում ենք լրջագույն հարցերի գնահատականների տարբերություն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային անվտանգության համար։ Մենք հենց այդ հարցերին ենք ուշադրություն դարձնում․․․ Չէ՞ որ մեր աշխատանքը ոչ միայն խոսափողի մոտ հրապարակայնորեն մեկնաբանելն է, այլև կողմերի հետ բառացիորեն ամենօրյա շփումները, և մենք փորձում ենք նաև երկկողմ խողովակներով հայկական կողմից հստակեցնել, թե ինչ դիրքորոշում ունեն։ Ուստի կան սկզբունքային հարցեր, և, համապատասխանաբար, դիրքորոշումը պետք է ձևակերպվի․․․ միգուցե ինչ-որ ամպլիտուդով, ինչ-որ վերապահումով,  բայց այն պետք է ձևակերպվի՝ առանց սկզբունքային հիմքերը փոխելու։ Հայկական կողմի մոտեցումներում շատ անհասկանալի բաներ կան։ Եվ միգուցե, երբ որոշակի պարզաբանումներ լինեն այդ մոտեցումների վերաբերյալ, այդ ժամանակ բոլորի համար շատ բան պարզ կդառնա։ Եվ մենք հնարավորություն կունենանք պատասխանել գործնական հարցերին, ոչ թե պարզել այն, ինչը պետք է հայտարարվի որպես սկզբունքային դիրքորոշում»,-ասել է նա։