Զախարովան «աբսուրդ է» որակել Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՌԴ ներկայությունը վտանգ է ՀՀ-ի համար (տեսանյութ)

Երևանից հնչող այն հայտարարությունները, թե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում վտանգ է երկրի համար, աբսուրդ են։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով  Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

Զախարովան նաև հայտարարել է, որ «նման կոչեր անող արկածախնդիրներին կոչ է անում մտածել հետևանքների մասին»։

Ռուսաստանը շարունակում է աշխատել Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ներքին գործերի նախարարության, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջոցով հետևողական քայլեր են ձեռնարկվում իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Հարկավոր է գտնել լուծում, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։ Այս պահին միջանցքով անցնում են մարդասիրական օգնություններով ավտոշարասյուններ։ Կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ ռուս խաղաղապահների դեմ հրապարակային հարձակումներն ու սադրանքները, մենք անընդունելի ենք համարում։ Նրանք այս տարածաշրջանում խաղաղության երաշխավորներ են։ Նման գործողությունները կարող են էական վնաս հասցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- նշել է նա։

Զախարովան անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության նախագծին, որն այդպես էլ չընդունվեց։ Նա նշել է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունը մանրամասն բացատրություն է տվել։

«Ընդգծվել է, որ չնայած մեր կառուցողական վերաբերմունքին, փաստաթղթի ֆրանսիացի հեղինակներն անտեսել են ռուսական առաջարկների մեծ մասը։ Մեր արևմտյան գործընկերները չեն համարձակվել նույնիսկ ուղղակի փաստերը ներկայացնել տեքստում։

Մասնավորապես, հիշատակել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները, որոնք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքն են։ Ամեն դեպքում, մենք տրամադրված ենք զբաղվել ոչ թե պոպուլիզմով, այլ բովանդակային աշխատանքով՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է նա։

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, մենք հետևողականորեն աջակցում ենք պրոֆիլային երկկողմ հանձնաժողովի գործունեությանը։ Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել նրա աշխատանքին, այդ թվում՝ քարտեզագրական նյութեր տրամադրելով։

Այս ուղղությամբ առաջընթացը թույլ կտա արդյունավետորեն լուծել վիճելի հարցերը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ զբաղվում է համապատասխան եռակողմ խումբը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։ Նրա հովանու ներքո կատարվել են լուրջ նախապատրաստական ​​աշխատանքներ, լրացուցիչ համատեղ ջանքեր են պահանջվում դրանք իրականացնելու համար»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում