Ի՞նչ է արվել մեկ ամսում Արցախն ապաշրջափակելու ուղղությամբ, ե՞րբ կբացվի ճանապարհը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն է։

Մեկ ամիս է փակ է Արցախի մարդասիրական ճանապարհը, և 120 000 արցախահայությունը շրջափակման մեջ է՝ հնարավորություն չունենալով առաջին անհրաժեշտության պարենամթերք, դեղորայք ու բժշկական օգնություն ստանալու։ Ի՞նչ վիճակում է Արցախի բնակչությունը, ինչպե՞ս են դիմակայում մարտահրավերներին։ Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ վիճակն օրեցօր ահագնանում է, խանութներն արդեն դատարկվել են և միայն հաց, թռչնամիս ու որոշ մթերքներ են վաճառվում։ Խափանվել է նաև ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող՝ Արցախը Հայաստանից սնուցող էլեկտրական հաղորդալարը, ինչի պատճառով այնտեղ նաև էներգետիկ ճգնաժամ է, և արդեն հովհարային անջատումներ են։ Շատ հիմնարկների աշխատանքը դադարեցվել է, փակվում են աշխատատեղերը։

Արցախցին պատրաստ է համբերել, եթե  տեսնի, որ պատկան մարմինները, ղեկավարները խնդրի հանգուցալուծման ուղղությամբ աշխատանքներ են տանում։ Բայց այս պահին չկա բանակցային գործընթաց, չկա դիվանագիտական աշխատանք, հետևաբար այդ վիճակը շատ երկար է տևելու, որի լուծման միակ ճանապարհը կարող է պատերազմը լինել։ Իսկ պատերազմի միջոցով Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն իրենց առավելագույն նպատակին հասնել՝ նաև Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկել։ Ըստ պատգամավորի՝ ակնհայտ է, որ 2020 թվականի պատերազմի նպատակը միայն ամբողջական Արցախը գրավելը չէր։ Այդ մասին պատեհ կամ անպատեհ բարձրաձայնում է Ալիևը։ Ուստի Արցախում տարվող պայքարը հայի գոյության պայքար է, հայի հայրենիքի պահպանության պայքար է, մեր պետականության պահպանման։

Ո՞վ պիտի լուծի Արցախի խնդիրը, եթե Փաշինյանն ու իր թիմը ձեռք է քաշել Արցախի նկատմամբ պատասխանատվությունից և բոլոր հարթակներից հայտարարում է այդ մասին։ Թե ասուլիսի ժամանակ, թե այսօրվա կառավարության նիստին նա հայտարարեց, որ Արցախի իշխանությունները պետք է լուծեն իրենց խնդիրները և ուղղակի բանակցություններ սկսեն Բաքվի հետ։ Մետաքսե Հակոբյանը դա անհեթեթություն անվանեց, քանի որ Արցախը միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ չէ և չի կարող միջազգային հարթակում բանակցություններ վարել։ Այնինչ միջազգային հարթակներում Հայաստանն է այդ պարտավորությունը կրում և որոշում Արցախի ճակատագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում