Ալիևի տված վերջնաժամկետը կլրանա այս տարի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն է։

«Փաշինյանի և Ալիևի հարցազրույցներում մի քանի ընդհանրություններ կան․ Փաշինյանը տագնապ է հնչեցնում, որ Հայաստանը լուրջ հարձակողական սպառնալիքի տակ է գտնվում, և ինքը չի կարող դա կանխել ու ձեռքերը ծալած սպասելու է Ադրբեջանի հարձակմանը՝ տալով մարդկային ու տարածքային լուրջ կորուստներ։ Ալիևը ևս խոսեց ռազմական ագրեսիա իրականացնելու իր մտադրությունների մասին՝ Հայաստանի իշխանություններին մինչև 2023 թվականի ավարտ վերջնաժամկետ տալով՝ կամ խաղաղության պայմանագիրը և սահմանազատման փաստաթուղթը ստորագրում են Բաքվի պայմաններով, կամ Ադրբեջանը հերթական պատերազմով է սահմանում այդ սահմանները»։ Անդրադառնալով երեկ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հրավիրած ասուլիսներին՝ այսպիսի դիտարկում արեց փորձագետը։

Փաշինյանի երեկվա հայտարարություններում, ըստ Գառնիկ Դավթյանի, նաև հակառուսականությանության նոր մեկնարկ տրվեց և այսուհետ հակառուսական ուժերը Հայաստանում ավելի մեծ թափով են գործելու։

Երեկվա ասուլիսի ժամանակ Փաշինյանը մեկ անգամ ևս հաստատեց, որ ՀՀ իշխանություններն իր գլխավորությամբ ձեռքերը լվացել են Արցախից՝ այսօր փաստի առաջ կանգնեցնելով։ Նրա իրականացրած արտաքին քաղաքականությունն այսօր էլ Արցախի հայաթափմանն է ուղղված, հատուկ ծրագիր է, որը նրանք Ադրբեջանի հետ համագործակցությամբ ցանկանում են ավարտին հասցնել։ Ասուլիսին Փաշինյանը հստակ հայտարարեց՝ Արցախի իրադրությանն առնչվող որոշումները պետք է իրականացնեն Արցախի իշխանությունները։ Իսկ Հայաստանը կբավարարվի միայն 2022 թվականի ընթացքում տրամադրած նյութական օգնությամբ։ Ըստ Փաշինյանի՝ անգամ այլընտրանքային ճանապարհը ոչ թե Հայաստանին է վերաբերում, այլ Արցախին։

Մանրամասները՝ տեսանյութում