«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ի նշան բողոքի, հեռացել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովից

Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը հունվարի 11-ին հայտարարել է, որ հեռանում է հանձնաժողովի կազմից՝ ի նշան կառավարության դեմ բողոքի, որը մերժել էր իր առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը։

Նա որոշել է տեղափոխվել պետաիրավական հարցերի հանձնաժողով։ Նազարյանը, մասնավորապես, նախաձեռնել էր «Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորականների ընտանիքների երաշխիքների մասին» օրինագիծը։ Փաստաթուղթը քննարկվել է հանձնաժողովի նիստում։ Նիստի ժամանակ Նազարյանը տեղեկացրել է, որ կառավարությունը հավանություն չի տվել օրինագծին՝ վկայակոչելով պետբյուջեի համար հավելյալ բեռը։

Պատգամավորի խոսքով, եթե օրենքն ընդունվեր, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները կկարողանային հիպոտեկ վճարել, ծածկել բուժման և սոցիալական այլ ծախսեր։ «Օրենքը թույլ կտար էապես թեթևացնել զոհվածների կանանց և երեխաների սոցիալական խնդիրները»,- ընդգծել է խորհրդարանականը։

Կառավարության դիրքորոշումը Նազարյանն անվանել է վիրավորական և անհասկանալի։ Եվ նա որոշել է դուրս գալ հանձնաժողովի կազմից։

Ի պատասխան՝ նիստին մասնակցող պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, որ նկատառումները, ինչպես նաև կառավարության դիրքորոշումը օրինագծի վերաբերյալ հստակ ներկայացվել են 9 էջից բաղկացած պարզաբանող փաստաթղթում։ «Նազարյանի բարձրացրած խնդիրը չափազանց արդիական է, և պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետագա համագործակցության, փոխընդունելի լուծումների մշակման»,- ասել է Սարգսյանը։ Նա Նազարյանին առաջարկել է ծանոթանալ փաստաթղթին, ինչից հետո շարունակել քննարկումը։

Քննարկումներից և բանավեճերից հետո խորհրդարանական մշտական հանձնաժողովը, ինչպես կառավարությունը, բացասական եզրակացություն է տվել այս օրենսդրական նախաձեռնությանը։