ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդանիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին ասված է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ազդեցությամբ։ Օսմանին կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և կառուցողական և արդյունավետ երկխոսություն սկսել։

Օսմանին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը և երկրների միջև վստահության ամրապնդման քայլերը՝ որպես ԵԱՀԿ-ի գործիքակազմի մաս, առանցքային տարրեր են առկա խնդիրները հաղթահարելու համար, որոնց բախվում են իրադրությանն առնչվող մարդիկ։

Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատել է լարվածությունը թուլացնելու և կայուն խաղաղության հասնելու ջանքերում անձնապես ներգրավվելու պատրաստակամությունը։ Նա նաև հայտնել է, որ կայցելի Հայաստան և Ադրբեջան։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է։