Ֆրանսիան և Լեհաստանը մեծացրել են ճնշումը Գերմանիայի նկատմամբ՝ Ուկրաինայի համար Leopard տանկերի պատճառով. Politico

Լեհաստանն ու Ֆրանսիան Գերմանիային դրդում են Ուկրաինային Leopard տանկեր փոխանցել։ Այդ մասին գրում է Politico-ն։ Նշվում է, որ Էմանուել Մակրոնը, հայտարարելով Կիև ֆրանսիական զրահամեքենաներ ուղարկելու մասին, ձգտել է «վերացնել արևմտյան տանկերի տեղափոխման տաբուն», որպեսզի «գերմանացիները շարժվեն»։

«Փարիզը ուժեղացնում է ճնշումը Գերմանիայի վրա՝ հունվարի 22-ին կայանալիք ֆրանկո-գերմանական գագաթնաժողովից առաջ Ուկրաինա Leopard տանկեր ուղարկելու Բեռլինի համաձայնությունը ստանալու հույսով»,- ասվում է հրապարակման մեջ։

Բացի այդ, Ֆրանսիան, իբր, պատրաստ է իր Leclerc տանկերը փոխանցել դաշնակիցներին, որոնք իրենց Leopard տանկերից մի քանիսը կուղարկեն Ուկրաինա՝ բացերը լրացնելու համար։

Բեռլինի վրա ճնշում է գործադրում նաև Լեհաստանը։ Վարշավայում ցանկանում են Արևմուտքի ընդլայնված կոալիցիա ստեղծել՝ գերմանական տանկերը Կիև տեղափոխելու համար։