Փաշինյան, Ալիև․ ասուլիս Բերձորի փակ ճանապարհի ֆոնին․ զուգադիպությո՞ւն, թե պատահականություն (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գործիչ և վերլուծաբան Արման Աբովյանը:

«Արցախի Հանրապետության Բերձորի ճանապարհը կամ այլ կերպ ասած՝ Լաչինի միջանցքը փակել են թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցները, գուցե թուրքերը անմիջապես ներկայացված չեն այնտեղ, բայց այս գործողությունները ռազմական գործողություններ են, որի հիմնական նպատակը ոչ այդքան հանքերն են, որովհետև հանքերը պատճառ են, այլ խորքային նպատակը Արցախի հայաթափումն է։ Հիշեցնեմ ձեզ, որ այսօր արդեն թուրք-ադրբեջանական հատուկ ծառայություններն անցել են այլ գործողությունների, մասնավորապես վնասվել է հոսանք մատակարարող հանգույցը, որը գտնվելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքում, հասկանալի պատճառներով թերևս չի ստացվում այդ հանգույցը վերանորոգել (ադրբեջանցիները թույլ չեն տալիս) և Արցախում արդեն ունենք հովհարային անջատումներ»,- խոսելով շուրջ 30 օր Արցախի ժողովրդի համար Կյանքի ճանապարհ համարվող Բերձորի միջանցքի՝ ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից փակելու մասին, ինչի հետևանքով արցախցիները զրկված են կենսական անհրաժեշտության մթերքներից, բուժումից և դեղորայքից, ընդգծեց Աբովյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի այսօր հրավիրած մամուլի ասուլիսից, որտեղ նա Լաչինի միջանցքի փակ լինելու մեղավորության բոլոր սլաքներն ուղղում է ռուս խաղաղապահներին՝ հղում անելով 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետին՝ քաղաքական վերլուծաբանն ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դարձել է սուրբ կով և ՀՀ իշխանությունները, չգիտես ինչու, համարում են իրենց ձեռքբերումը, այնինչ այդ փաստաթուղթը որոշակի գործողությունների նախագիծ էր, որը ի սկզբանե Ադրբեջանը պատրաստ չէր և ցանկություն չուներ կատարելու։

Արման Աբովյանի հետ մանրամասն անդրադարձ կատարվեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած մտքերին, մասնավորապես այն դիտարկմանը, որ ըստ վարչապետի՝ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար։ Խոսել ենք նաև ՀԱՊԿ համատեղ զորավարժություններից Հայաստանի հրաժարվելու՝ իշխանության որոշման մասին, ինչպես նաև ՀՀ կողմից ԼՂ անվտանգության երաշխավորը հանդիսանալու Փաշինյանի այն դիտարկմանը, թե ԼՂ ժողովուրդը ինքը պետք է զբաղվի իր ճակատարգրով, իսկ Հայաստանը՝ իր։

Անդրադառնալով Փաշինյանի այն մտքին, թե տարածաշրջանում ինչպես ենք մենք դիրքավորվում՝ որպես հարևա՞ն, բարեկա՞մ պետություն, թե պատմական արդարության մարտիկ՝ Արման Աբովյանն ընդգծեց․ «Նիկոլ Փաշինյանն իր խոսքի մեջ արդեն իսկ ինքն իրեն հակասում է․ եթե խոսում է պատմական արդարության մասին, այսինքն՝ դու հրաժարվում ես պատմական արդարությունից և պատմական անարդարության պայմաններում դու դառնում ես բարի հարևան, տենց չի լինում, որովհետև հենց պատմական անարդարությունն է բերում նրան, որ քեզ վերացնում են։ Այսինքն՝ հակառակ կողմից եթե նայենք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունները մեզ ասում են՝ եկեք ապրենք պատմական անարդարության պայմաններում։ Պատմական անարդարության պայմանները Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է»։

Մանրամասները՝ տեսանյութում