ՀԱՊԿ-ը եկավ, թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիքը ստեղծեց, հետո ասաց՝ ցտեսություն, դե մենք գնացինք․ Փաշինյան

Այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողի հարցերին, թե ի պատասխան թուրք-ադրբեջանական զորավարժությունների՝ ՀԱՊԿ-ի զորավարժությունը սպառնալիք կլիներ թուրք-ադրբեջանական տանդեմին․ ինչո՞ւ ՀՀ  նպատակահարմար չի գտնում Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություն անցկացնելուն, և արդյո՞ք Հայաստանի իշխանությունները վախվորած կամ խաղաղություն մուրալու քաղաքականություն են վարում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«ՀԱՊԿ-ը եկավ, թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիքը ստեղծեց, հետո ասաց՝ ցտեսություն, դե մենք գնացինք։ Մենք ասում ենք՝ եկեք, հասկանանք՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ո՞րն է, որից հետո մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ և խորը կառուցենք, ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղով է անցնում կարմիր գիծը»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը համաձայնեց, որ խաղաղություն մուրալով խաղաղություն ունենալ հնարավոր չէ. «Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում՝ ես վախենում եմ ոչնչից չվախեցողներից։ Մենք պետք է մաքսիմալ պատասխանատու գործենք։ Ես համաձայն եմ, որ խաղաղություն մուրալով խաղաղություն ունենալ հնարավոր չի։ Խաղաղություն հնարավոր է ունենալ՝ դա վաստակելով։ Խաղաղության կարելի է հասնել՝ ռակուրսները որոշակիորեն փոխելով, իրողությունները ճիշտ գնահատելով, մաքսիմալ հաշվարկված քայլեր անելով, Հայաստանի դերը եւ նշանակությունը միջազգային ասպարեզում մեծացնելով, Հայաստանի ինստիտուցիոնալ ավելի բարձր կայացվածության մակարդակով, տարածաշրջանում հարաբերությունները փոխելով եւ այդպես շարունակ»։

Փաշինյանի խոսքով, Հայաստանը խաղաղություն կարող է ունենալ, եթե ի վիճակի լինի հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ զարգացնել հարաբերությունները Իրանի եւ Վրաստանի հետ։

Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանը հույս չի դնում ՀԱՊԿ-ի վրա, բայց հավատում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անի: Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով՝ որովհետև որևէ բան անելուց առաջ պետք է ինչ-որ ձևով հավատալ նրան: Եթե չենք հավատում՝ ինչո՞ւ ենք բանակցում, ձև՞ ենք անում: Փորձը ցույց է տալիս, որ ձևի համար բանակցությունները լավ տեղ չեն տանում»: