ԼՂ ժողովուրդը պետք է զբաղվի ԼՂ հարցով, ոչ թե ՀՀ կառավարությունը․ Փաշինյան

Դեռևս 2018 թվականից Հայաստանի իշխանության դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարություն չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր առաջնային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հարցը, և կարևոր ենք համարում, որ ԼՂ ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը խոսի այդ բոլոր թեմաների մասին: Իրենք պետք է որոշումներ կայացնեն, մենք էլ կաջակցենք մեզ հասու բոլոր  հնարավոր միջոցներով: Մենք այսօր աջակցում ենք հումանիտար, ֆինանսական հարցերով, ինչով կարողանանք, կաջակցենք: Մեր դիրքորոշումը միշտ եղել է դա: Մենք կարծում ենք, որ խնդիրներից մեկը, որ էական ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա այն է, որ մենք ԼՂ ժողովրդին բանակցություններից դրել ենք մի կողմ, ասել ենք՝ մենք կորոշենք իրենց փոխարեն: Ոչ, մենք չենք կարող որոշել իրենց փոխարեն, մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, ԼՂ ժողովուրդը և ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն ԼՂ հարցով, մենք էլ պետք է իրենց աջակցենք»,-ասաց նա: