Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել և չի էլ կարող լինել․ Փաշինյան

Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու որևէ պաշտոնական առաջարկ չի եղել և չի էլ կարող լինել։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում եղե՞լ է առաջարկ Միութենական պետություն կազմելու, և ի՞նչ դիրքորոշում ունի այդ կապակցությամբ։

«Իրականությունն այնքան պարզ չէ, որքան թվում է։ Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք, ոչ այնքան հարցի տեքստը, որքան ենթատեքստը և գլոբալ պրոցեսները։ Մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեք են։ Մենք մեր պարտքը և պարտականությունն ենք համարում մեր հայրենքի հարատևության ապահովումը»,- նշեց նա։

Հարցին, թե ոչ պաշտոնական խողովակներով ճնշումներ եղե՞լ են Հայաստանի նկատմամբ, թե՝ ոչ, Փաշինյանը նշեց, որ ոչ պաշտոնական խողովակ ասելով՝ տարբեր բաներ կարելի է պատկերացնել։

«Օրինակ՝ փորձագետների առումով շարունակաբար զարգացող խոսություներն էլ կարելի է համարել ոչ պաշտոնական խողովակներ, շփումներն էլ։ Ենթադրում եմ՝ ԱԽ քարտուղարը ճնշումների մասին խոսելիս նաև սրանք է նկատի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային եթերում հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին և անդամակցել Ռուսաստան-Բելառուս ձևավորվող միութենական պետությանը։