Քարվաճառում Ադրբեջանը շահագործման է հանձնել ռազմական նշանակության նոր օբյեկտներ. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։ 

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

«Global Firepower» միջազգային վերլուծական անկախ կենտրոնը հրապարակել է աշխարհի բանակների հզորության 2023 թ․-ի զեկույցը: Զեկույցի համաձայն՝ 2023 թ․-ին Ադրբեջանը ռազմական հզորությամբ 145 երկրների շարքում զբաղեցրել է 57-րդ տեղը։ Նշենք, որ 2022 թվականի վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը զբաղեցրել է 63-րդ տեղը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ Ադրբեջանը ցամաքային զորքերի հզորությամբ մտել է աշխարհի լավագույն 30 երկրների շարքը։ Երկիրն ունի 920 տանկ, 167 ինքնագնաց հրետանային կայանք և 323 բազմակի հրթիռային կայան։

Ադրբեջանցի զինծառայողները «Ձմեռ-2023» զորավարժություններին մասնակցելու նպատակով ժամանել են Կարս։ Էրդողանը Twitter-ի իր էջում գրել է, թե 2022 թ․-ին Թուրքիան և Ադրբեջանը 12 համատեղ զորավարժություն են անցկացրել։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը Ադրբեջանին հրավիրել է մասնակցել թուրքական մարտական ինքնաթիռի արտադրությանը։

Զաքիր Հասանովը և Ադրբեջանի ՊՆ ղեկավար կազմն այցելել են ցամաքային զորքերի տանկային և հրետանային զորամասեր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստուգել է զորքերի մարտական պատրաստվածությունը։ Նա կարգադրել է բարձրացնել պահեստազորայինների պատրաստվածությունը։

Ադրբեջանն իր վերահսկողության տակ գտնվող Բերձորում (Լաչինի շրջանում) շահագործման է հանձնել նոր ռազմական օբյեկտներ։ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Նիզամ Օսմանովը և Էնվեր Էֆենդիևն այցելել են մի քանի մարտական դիրքեր և շահագործման հանձնված կացարաններ։ Ստուգվել է նաև անձնակազմերի մարտունակությունը։ Հավելենք, որ Քարվաճառում ևս Ադրբեջանը ռազմական նշանակության նոր օբյեկտներ է շահագործման հանձնել։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին

Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները, և խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Ադրբեջանի կողմից առաջարկված հայտնի հինգ սկզբունքների հիման վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանն ուզի, թե չուզի՝ «Զանգեզուրի միջանցքն» անպայման բացվելու է։

Միջազգային ճգնաժամային խումբը նշել է, թե ԼՂ-ի շուրջ իրենց վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե շարժվում են դեպի նոր առճակատում: Նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի վեցշաբաթյա հակամարտությունը։ Այդ ժամանակվանից հավասակշռությունն էլ ավելի է փոխվել Ադրբեջանի օգտին։

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն իր զեկույցում նշել է, թե Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ։ Ամերիկյան CNN-ը գրել է, թե քանի որ Ռուսաստանը թուլացել է Ուկրաինայում, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ արբիտր չկա։

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, թե ԱՄՆ-ը շարունակում է նպաստել ուղիղ երկխոսությանն Ադրբեջանի և Հայաստանի միջև։  «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին նշել է, թե Ադրբեջանը և Հայաստանը կարող են իրավիճակի սրում հրահրել խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմին։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ալիևը հայտարարել է, թե հաջողությամբ իրականացվում է «Մեծ վերադարձ» ծրագիրը։ Շուշիում, Ակնայում (Աղդամում), Վարանդայում (Ֆիզուլիում), Կովսականում (Զանգելանում), Լաչինում լայնածավալ ստեղծագործական աշխատանք է տարվում, կառուցվում են հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի շենքեր։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե «Ազերէներժի» ընկերությունը ավարտում է աշխատանքները Քարվաճառի շրջանում կառուցվող հինգ փոքր հիդրոէլեկտրակայաններում:

Լաչինի միջանցքի փակման մասին

Դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանների անվան տակ հանդես եկող ադրբեջանցիների խումբը շարունակել է փակած պահել Արցախը հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ առաջադրելով նաև քաղաքական պահանջներ։

Կովկասի իրադարձությունները լուսաբանող ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր էջում գրել է, թե Լաչինի միջանցքը շրջափակած «էկոակտիվիստներին» ավտոբուսով տանում են «ցույցի»՝ հերթապահության։

REX լրատվական գործակալությունը գրել է, թե ռուսական դիվանագիտությունը շարունակում է տարօրինակ մանևրները Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի թեմայի շուրջ: ՌԴ ԱԳՆ-ն կարող է Ռուսաստանին ներքաշել նոր պատերազմի մեջ, այս անգամ՝ Ղարաբաղում։

Գերմանական Bild օրաթերթն անդրադարձել է Ադրբեջանից ԵՄ էներգակիրների ներմուծմանը՝ նշելով, թե Ալիևը կռվում է, մարդկանց զրկում լույսից ու սննդից, իսկ ԵՄ-ն նրան գովում է որպես «վստահելի անձի»: ԵՄ-ի այս նոր գործընկերը բռնապետ է։

«Genocide Watch» կազմակերպությունն ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված։ Իսկ համաշխարհային հանրությանը կազմակերպությունը կոչ է արել դատապարտել Ադրբեջանին Արցախի ժողովրդին քաղցի և ցրտի մատնելու աղաղակող փորձի համար։

Եվրախորհրդարանական Պետեր Վան Դալենը ԵՄ դիվանագիտության ղեկավարին կոնկրետ գործողությունների կոչ է արել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Կարպենտերը Twitter-ի իր էջում գրել է, թե ԱՄՆ-ը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է անում անհապաղ վերականգնել երթևեկը Լաչինի միջանցքով։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Լաչինի միջանցքի շրջափակման առաջին օրերին այս առիթով նամամով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Շուրջ 30 կոնգրեսականների ստորագրությամբ նամակում կոչ է արվում «վարչակազմին օգտագործել իր ձեռքում եղած ողջ գործիքակազմը, ներառյալ Ադրբեջանի ֆինանսական աջակցության դադարեցումն ու պատժամիջոցների կիրառումը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, ինչպես այժմ, այնպես էլ ապագայում»:

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում BBC-ի կենտրոնակայանի մոտ՝ պահանջելով ճշմարտությունն ասել արգելափակված Արցախի մասին և դադարեցնել ադրբեջանական ահաբեկչությանն աջակցելը:

Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների մասին

Իրանական ԶԼՄ-ները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը կապ ունի «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ։ Ըստ ԶԼՄ-ների՝ դա կհանգեցնի Հայաստանի մեկուսացմանը, կսպառնա նրա տարածքային ամբողջականությանը և կփակվի Իրանի հետ ռազմավարական սահմանը։

Իրանական լրատվամիջոցներում տարածվել է նաև այն թեզը, որ Թեհրանն անհրաժեշտ ռազմական, պաշտպանական, անվտանգային և հետախուզական կարողություն ունի, որպեսզի անփոփոխ պահի հայ-իրանական սահմանները։

Ադրբեջանական մամուլում տարածվել և զայրույթի պատճառ է դարձել այն տեսանյութը, որտեղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երեխա-զինվորները հատում են Արաքս գետը Խուդափերինի կամրջի երկայնքով՝ գալով դեպի ադրբեջանական կողմ։ Դրոշներից մեկի վրա, որոնք տանում են երեխաները, գրված է «Ճանապարհ դեպի Երուսաղեմ»։

Թեհրանի և Բաքվի միջև լարվածության ֆոնին Ադրբեջանում Իրանի դեսպանը խորհրդակցելու համար մեկնել է հայրենիք։ Իրանի Իսլամական հեղափոխության  պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամ, գեներալ Ալիռեզա Թանհայը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հիշատակին նվիրված իր ելույթում զգուշացրել է Բաքվին՝ չկրկնել Սադամ Հուսեյնի սխալները։ Նրա խոսքով՝ Իրանի դեմ ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա։

Տարածաշրջանային ծրագրերի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ Ադրբեջանը սկսել է բնական գազ մատակարարել Ռումինիային: Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության և ռումինական Romgaz S.A. ընկերության միջև անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին կնքված պայմանագրի համաձայն՝ հունվարի 1-ից Ռումինիան սկսել է ադրբեջանական գազ գնել։ Պայմանագիրը նախատեսում է մինչև ապրիլի 1-ը 300 մլն խորանարդ մետր ադրբեջանական գազի Ռումինիա ներմղում։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Եվրոպա ադրբեջանական գազի լրացուցիչ մատակարարումների նախագիծը կներկայացվի փետրվարի 3-ին Բաքվում։ Բուլղարական կողմի նախաձեռնությամբ դրան միացել են Ռումինիան, Հունգարիան, Սլովակիան և Ավստրիան։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է եվրոպական շուկայի համար գազի առևտրի հարթակի ստեղծման պատրաստակամության մասին։ Նա հավելել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը հնարավորություն ունեն դառնալ խաղացողներ եվրոպական շուկայի համար նախատեսված այս հարթակում։

Թուրքմենստանը սկսել է ծովային բեռնափոխադրումներ Թուրքմենբաշի-Բաքու գծով։ Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, թե Թուրքմենբաշիի միջազգային ծովային նավահանգիստն արդեն ստեղծել է բոլոր պայմանները տարեկան մինչև 400 հազար կոնտեյներ տեղափոխելու համար։ Ուզբեկական լրատվամիջոցները գրել են, թե Ուզբեկստանը, Ադրբեջանը և Ղազախստանը ծրագրում են ստեղծել «Թուրքական ավտոմոբիլային կոնգլոմերատ»։