Բրազիլիայի մայրաքաղաքում անկարգությունների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Բրազիլիայի մայրաքաղաքում զանգվածային  անկարգություններ են կատարվել, ինչին ի պատասխան, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ դրություն է հայտարարել, հայտնում է CNN-ը։

Բրազիլիայի նախագահը կառավարական շենքերի գրավումը բարբարոսություն է անվանել՝ կարգադրելով օգտագործել դաշնային ուժերը՝ մայրաքաղաքում կարգուկանոն հաստատելու համար։

«Բոլորը պատասխանատվության կենթարկվեն օրենքով: Դա կատարողը կհայտնաբերվի և կպատժվի: Այն մարդիկ, ում մենք անվանում ենք ֆաշիստներ, քաղաքականության ամենազզվելի արարածները, ներխուժել են պալատ և կոնգրես»,- «Թվիթերում» գրել է դա Սիլվան։

Նշենք, որ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցներն ավերել են նախագահական նստավայրը, Կոնգրեսը և Գերագույն դատարանը։

«Ավելի քան 400 մարդ արդեն ձերբակալվել է, որոնք կվճարեն իրենց կատարած հանցագործությունների համար։ Մենք շարունակում ենք աշխատանքը՝ բացահայտելու դաշնային շրջանում իրականցված ահաբեկչական գործողությունների մնացած մասնակիցներին։ Մենք շարունակում ենք կարգուկանոն հաստատել»,- «Թվիթերի» իր բլոգում գրել է դաշնային շրջանի նահանգապետ Իբանես Ռոչան։

Ըստ աղբյուրի՝ նախկին նախագահի կողմնակիցները, որոնք անցած տարվա վերջից բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, կիրակի օրը գրավել են Բրազիլիայի մայրաքաղաքում Կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահական նստավայր, Գերագույն դատարանի շենք, ավելի վաղ հայտնել էին տեղական լրատվամիջոցները:

Ցուցարարները պահանջում են գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հրաժարականը, որը պաշտոնն ստանձնել է հունվարի սկզբին։ Նա հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում՝ հաղթելով Բոլսոնարոյին 2%-ից էլ քիչ տարբերությամբ: Նոյեմբերին Բրազիլիայի Գերագույն ընտրական դատարանը մերժեց նախկին նախագահի կուսակցության հայցը՝ չեղյալ համարել նախագահական ընտրությունների որոշ ձայներ։