Ֆրանսիան իրավունք չունի խոսքի ազատության պատրվակով արդարացնել այլ երկրների սրբավայրերը վիրավորելը. ԻԻՀ

Ֆրանսիան իրավունք չունի խոսքի ազատության պատրվակով արդարացնել այլ երկրների սրբավայրերը վիրավորելը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Ֆրանսիան, գաղութատիրության իր սև պատմությամբ, (իր հողի) ներսում և դրսում մարդու իրավունքների ու խոսքի ազատության ոտնահարումներով, իրավունք չունի արդարացնել այլ երկրների ու ժողովուրդների սրբավայրերը և աստվածային կրոնների հետևորդներին վիրավորելը՝ խոսքի ազատության պատրվակով»,- Twitter-ում գրել է Քանանին՝ ի պատասխան ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարին:

Քանանին ֆրանսիացի պաշտոնյաներին միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները պահպանելու՝ մասնավորապես փոխադարձ հարգանքի, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, ազգային և կրոնական արժեքները ու այլ երկրների սրբավայրերը հարգելու կոչ է արել։

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա Ռոշը այս առիթով կանչվել էր ԱԳՆ։

Ֆրանսիայի դեսպանի հետ այս հանդիպման ժամանակ Քանանին Իրանի վճռական բողոքն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունի որևէ վիրավորանք իր իսլամական, կրոնական և ազգային սրբություններին ու արժեքներին: «Իրանի Իսլամական Հանրապետությունը բացատրություններ և փոխհատուցման գործողություններ է սպասում ֆրանսիական կառավարությունից՝ ամսագրի անընդունելի պահվածքի դատապարտման համար»,- ասել է նա։