Մենք 100 տոկոս չենք զգում՝ ինչ է կատարվում Արցախում, և ինչու է Արցախի ապագան ազդելու և՛ Հայաստանի, և՛ հայկական աշխարհի վրա․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ մենք ամբողջապես չենք զգում Արցախում կատարվող իրադարձությունների կարևորությունը: Այս մասին նա ասել է «5-րդ ալիքին» տված հարցազրույցում՝ խոսելով այն մասին, թե արդյոք դժգոհություններ ունի՞ ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերից ստեղծված իրավիճակում:

Նա, մասնավորապես, նշել է. «Իմ կողմից անհանգստությունը կամ դժգոհության ինչ-որ էմոցիան գալիս է նրանից, որ սա ամբողջ հայության ամենակարևոր, պատմական իրավիճակներից մեկն է, որը մենք չենք զգում ու չենք արձագանքում այն ուժով, որ մենք պետք է անեինք: Որովհետև զգաստությունը, այդ զգացողությունը, որ սա կարող է մեր պատմական կարևոր սխալը լինի, եթե մենք այսպես հանգիստ, կամ ոչ հանգիստ, բայց մինչև վերջ չպայքարելով, կամ ավելի ճիշտ՝ 100 տոկոսով չենք պայքարում Արցախի համար… Դա չի նշանակում, որ 0 է, ուղղակի 100 տոկոս մենք չենք զգում այդ կարևորությունը` ինչ է կատարվում Արցախում, և ինչու է Արցախի ապագան ազդելու և՛ Հայաստանի, և՛ հայկական աշխարհի վրա: Մի մասի մոտ անտարբերություն կա, բայց ես կրկին ուզում եմ  նշեմ, որ Արցախը համահայկական խնդիր է, եթե մենք կորցնենք Արցախը, մենք կկորցնենք մեր ամենակարևոր արմատներից մեկը, որը շատ կարևոր է»:

Անդրադառնալով իր հասցեին Ադրբեջանի ԱԳ նախարարի քննադատությանը, որ իբր ինքը չի թողնում, որ արցախցիները «վերաինտեգրվեն» Ադրբեջանին՝ պետնախարարը նշել է, որ ինքն այս կապակցությամբ ուրիշ տեսակետ ունի, և արցախցիները պետք է բոլորը միասին որոշեն, որ պայքարում են և պայքարեն:

«Պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջև, ազնիվ ասենք մեր որոշումը և փորձենք իրականացնել, որովհետև այդ կիսասուտը, կիսաճիշտը, կիսախոսքը բերում է ամենածանր բանին, որ մարդիկ կորցնում են իրենց հավատը դեպի ղեկավարություն, դեպի առաջնորդները: Որոշումները պետք է հստակ լինեն և պետք է իրականացվեն, և մարդիկ պետք է վստահ լինեն, որ այդ որոշումների տակ չկա 2-րդ, 3-րդ շերտ, և իրենց անձնական խնդիրները չեն լուծում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ 18-րդ օրն է՝  Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։