Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով այսօր սկսվում է Սուրբծննդյան պահքը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով այսօր՝ դեկտեմբերի 30-ին, տրվում է Սուրբ Ծննդյան պահքի սկիզբը։ Մինչև հունվարի 5-ը՝ Սուրբ Ծննդյան Ավետիսը ստանալը, պահք է։ Ապա հավատավոր ժողովուրդը Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտին ստանում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծննդյան լուսավոր ավետիսը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ»:

Հնում մեր բարեպաշտ նախնիները սրբորեն պահել են Սուրբ Ծննդյան պահքը՝ այն ամենևին չխախտելով Ամանորի գիշերն ու հաջորդ օրերին, սակայն խորհրդային աստվածմերժության տարիներին ամեն ինչ արվեց՝ մարդկանց ուշադրությունը հոգևորից դեպի մարմնավորն ու ժամանակավորը շեղելու համար. ամանորյա խրախճանքներն ու գինարբուքները ստվերեցին սուրբծննդյան գեղեցիկ ավանդույթներն ու հոգևոր խորհուրդը:

Սակայն այսօր էլ, համաձայն Եկեղեցու սրբազան ավանդույթի, Մայր Եկեղեցին և իր զավակները մտնում են պահքի մեջ։ Այսպես պահքով, անկեղծ ապաշխարությամբ և ինքնաքննությամբ էլ պատրաստվում ենք դիմավորել մեզ համար մարդացած Աստծո անքննելի Սուրբ Ծնունդը:

Սուրբ Բարսեղ Կեսարացին զուր չի ասել, թե․ «Հնավանդ պարգև է պահքը. այն չի թարշամում և չի ծերանում, այլ միշտ նորոգվում է և աճելով՝ ծաղկում: …Ամաչի՛ր պահքի ծերությունից: Այն հասակակից է մարդկությանը: Պահքը օրինադրվել է դրախտում»: Իսկ Սուրբ Եփրեմ Ասորին էլ իր այս խոսքերով հորդորել է մեզ պահքը միայն մարմնավորի չվերածել, այլ կենտրոնանալ նաև հոգևոր նորոգության ճանապարհն անցնելու վրա։ Նա ասել է․ «Ո՛վ պահեցող, պահի՛ր շրթունքներդ անեծքից, բամբասանքներից, հայհոյությունից, անարգելուց, նախատինքներից, հպարտ խոսքերից, նաև սուտ երդումներից, այլ թող «այո»-ն այո լինի, իսկ «ոչ»-ը՝ ոչ: Նայի՛ր քեզ և սանձի՛ր շրթունքներդ, որպեսզի բերանդ չխոսի խոսքեր, որոնք կլուծեն քո պահքը…, քանզի Աստծո կամքին հակառակ ամեն բան պիղծ է դարձնում քո պահքը»:

Այսօր՝ Ամանորի նախաշեմին և Սուրբ Ծննդյան սպասման մեջ, քրիստոնյաներն, ովքեր պահք են պահում, տկարեցնում են իրենց մարմինները՝ զերծ մնալով վերջին տարիներին տոնական համարվող պատրաստություններից։

Սակայն լուսավոր հոգիներով է, որ պահում ենք Սուրբ Ծննդյան պահքը՝ մեկ պարզ պատճառով․ մեր մաքրված հոգում է, որ օրեր անց ծնվելու է Քրիստոս, և լսելու ենք բաղձալի ավետիսը․ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի»: