Այժմ Ալիևը փորձում է չեղարկել մոտ մեկ դար առաջ ձեռքբերված պայմանավորվածությունը

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է.

«Նախիջևանի ինքնավար հանրապետության Գերագույն մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովի հրաժարականի և դրա հիմքում ընկած պատճառների թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը: Վերջերս շրջանառության մեջ է նետվել մի թեզ, որ Թալիբովի հեռացումը պայմանավորված է Իրանի քաղաքական, դիվանագիտական ու ռազմական շրջանակների հետ ունեցած նրա սերտ կապերով: Նշում են, որ վերջերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալներն այցելել են Ադրբեջան և առանձին հանդիպում ունեցել Թալիբովի հետ: Ադրբեջանի իշխանություններին շատ է մտահոգել, որ Իրանի իշխանական շրջանակների հետ կապ ունեցող տելեգրամյան ալիքները նյութեր են հրապարակում Նախիջևանի՝ Իրանին պատկանելու վերաբերյալ: Ըստ պլանի իբրև թե «Թալիբովը պայմանավորվել էր իրանական կողմի հետ անկախություն հռչակել Ադրբեջանից, ինչին կհաջորդեր Իրանի կողմից դրա ճանաչումը: Դրանով կսկսվեր Ադրբեջանի մասնատման գործընթացը»: Աղբյուրը նշում է, որ անգամ որոշ ադրբեջանցի գեներալներ են պատրաստ եղել աջակցել Թալիբովին այս հարցում:
Ուշագրավ է, որ պաշտոնապես Թալիբովի հրաժարականի պատճառը նրա առողջական խնդիրներն են: Բայց իրականում Նախիջևանում ձերբակալությունների շարք է սկսվել: Թալիբովի որդիներից մեկին վերջերս թույլ չեն տվել լքել Նախիջևանը: Հերթով վերացվում են Նախիջևանի բոլոր պետական ու ինքնավար կառույցները՝ ՆԳՆ, ՊԵԿ և այլն, փոխարենը ձևավորվում են Բաքվին ենթակա մասնաճյուղեր: Թալիբովը հրաժարականից հետո թեև ըստ ՆԻՀ սահմանադրության՝ ղեկավարումը պետք է անցներ Գերագույն մեջլիսի փոխնախագահին, բայց Իլհամ Ալիևը Փաշաևների կլանից հատուկ ներկայացուցիչ նշանակեց՝ Ֆուադ Նաջաֆլիին, ինչից ակնհայտ է դառնում, որ սա նաև կլանային պայքարի մաս է: Թալիբովը Նախիջևանյան կլանի կամ Հեյդար Ալիևի գվարդիայի վերջին ներկայացուցիչներից է:
Ուշագրավ է այն, որ Իրանն անգամ ԱԳՆ նախարարի մակարդակով հայտարարել է, որ չունի որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի նկատմամբ: Բայց փաստորեն ադրբեջանական կողմը ցանկանում է այս ամենը ներկայացնել Իրանի դեմ քարոզչական արշավի համատեքստում: Այդուհանդերձ, ես մնում եմ այն համոզման, որ երկարաժամկետ կտրվածքով ՆԻՀ–ում ընթացող գործընթացները կապված են Արցախի հիմնախնդրի հետ: Հիշեցնեմ նաև, որ Նախիջևանի ինքնավար կարգավիճակը որոշվել է 1921 թ. Կարսի պայմանագրով: Պայմանագրի 5-րդ հոդվածում նշված է «Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա Ադրբեջանի խնամակալության ներքո»: Այժմ Ալիևը փորձում է չեղարկել մոտ մեկ դար առաջ ձեռքբերված այս պայմանավորվածությունը»: