Քրեական օրենսգրքի փոփոխությունը ուղղված է հենց Փաշինյանի դեմ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը։

Այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով դեպի Արցախ տանող միակ ճանապարհի 18 օր շարունակ փակ լինելու հանգամանքին՝ դրա մեղավոր կարգեց առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությանը՝ ի դեմս ռուս խաղաղապահների։ Որից հետո միայն հայտնեց, թե մեղավոր է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս կողմը՝ Ադրբեջանը։ Ըստ Փաշինյանի՝  Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է․ «Այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ ադրբեջանական հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը։ Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը և Ռուսաստանի Դաշնությունը, որն անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առաջ։ Ո՞րն է իրադրության ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ՀՀ-ի և ԼՂ-ի հանրությունը սպասում է Ռուսաստանի Դաշնությունից, որը, հիշեցնեմ, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է»,- հայտարարել է Փաշինյանը։

Անդրադառնալով Փաշինյանի ելույթին՝ Արմինե Ադիբեկյանը շտկում արեց, որ ոչ թե Լաչինի միջանցք է, այլ Լաչինի ճանապարհ, կամ Բերձորի ճանապարհ։ Ճանապարհը և միջանցքը էապես տարբեր հասկացություններ են։ Ըստ եռակողմ համաձայնագրի՝ պետք է լիներ հինգ կիլոմետրանոց միջանցք, որից հինգ կիլոմետր աջ և ձախ պետք է չեզոք գոտի լիներ։ Այդ պայմանը խախտվել է հենց առաջին օրվանից, քանի որ կողմերը կանգնած են մինյանց շատ մոտ։ Հետևաբար միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Ինչ վերաբերում է ռուսական կողմին ուղղված մեղադրանքներին, ապա փորձագետն ասաց, որ Փաշինյանը զուտ հետևանքներն է մատնացույց անում՝ չխոսելով պատճառների մասին։ Ո՞վ է բերել ռուսական խաղաղապահ զորքը և տեղակայել այդ հատվածում։ 30 տարի այդ տարածքը հսկում էին հայկական բանակը և հայաստանցիները, արցախցիներն անվտանգ երթևեկում էին, մենք ինքնիշխան էինք, ունեինք զարգանալու հնարավորություն։ Այս իրավիճակը ստեղծվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, և նա պետք է ընդունի իր մեղավորությունը և ամենակարևորը՝ համապատասխան պատիժ ստանա։ «Նա հանցանք է գործել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, ամբողջ հայ ժողովրքի քաղաքացիների նկատմամբ և մնացել է անպատիժ։ Հիմա նստած տաքուկ ու ոստիկաններով պաշտպանված առանձնասենյակում՝ մեղավորների է մատնացույց անում։

Ի՞նչ է սպասում Հայաստանին ու Արցախին, եթե այս իշխանություններին հաջողվի ռուս խաղաղապահներին փոխարինել միջազգային խաղաղապահներով։ Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ եթե խաղաղապահները գնան, մի քանի րոպե հետո էկոավազակները զինված հայտնվելու են Ստեփանակերտում ու այն հեղեղելու են արյունով։ Ռուս խաղաղապահները գոնե որոշակի պատնեշ են ու ապահովում են արցախցիների կյանքի անվտանգությունը։ Իսկ նրանք, ովքեր հույսեր են փայփայում միջազգային խաղաղապահների հետ, սոցիոլոգը հիշեցրեց երկու ամսով Հայաստան ժամանած ԵՄ քաղաքացիական դիտորդներին, որոնք որևէ օգուտ չտվեցին Հայաստանին ու Արցախին։ Իսկ եթե անգամ ՄԱԿ-ի դիտորդներ տեղակայվեն Արցախում, ապա նրանք ևս չեն կարողանալու որևէ ձևով միջամտել ադրբեջանական ագրեսիային, քանի որ նույն իրավասություններն են ունենալու, ինչ ռուս խաղաղապահները։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում