Մոտավորապես նման իրավիճակ էր մոտ մեկ դար առաջ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արդեն 18 օր շարունակվող Արցախի շրջափակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը փաստում են գործող միջազգային կառուցակարգերի, առանցքային դերակատարների միջամտության ցանկության բացակայության/անկարողության մասին։

Մեզ համար պետք է ելակետային լինի այն իրողությունը, որ նաև հերթական միջազգային գլոբալ ճգնաժամի պայմաններում 120 հազար մարդ զոհաբերվում է աշխարհաքաղաքական անզիջում շահերի բախման պատճառով։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Արցախում ճգնաժամը, ըստ էության, բազմաշերտ է, այնուամենայնիվ, առնվազն դրա հումանիտար դիմագիծը հաշվի առնելով՝ պետք է փաստել, որ թեմային առնչվող միջազգային փաստաթղթերը, սկզբունքները, դաշնակցային հարաբերությունների համակարգերը, «միջազգային հանրություն» կոչված անդեմ հանրույթը, առաջատար աշխարհաքաղաքական խաղացողները… որևէ դերակատար շահագրգռված չէ կանխելու պոտենցիալ ցեղասպանությունը։

Մոտավորապես նման իրավիճակ էր մոտ 1 դար առաջ, երբ նույն աշխարհաքաղաքական շեհերի բախման ու «միջազգային հանրության» անտարբերության զոհ  դարձավ 1,5 մլն հայ»։