«Մտահոգիչ են մարդու իրավունքների տեսանկյունից»․ ՄԻՊ-ը՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունների մասին

Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի է ներկայացվել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ Պաշտպանի նկատառումները հանգում են հետևյալին։

Նախևառաջ Պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ Նախագիծը չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը:

Առաջարկվող իրավակարգավորումներն հնարավորություն են ընձեռում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում սահմանափակելու հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիությունը, ինչպես նաև արգելափակելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողությունը:

Միջոցառումները սահմանափակում են մարդու իրավունքները, առավելապես կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքները։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, կարծիքի արտահայտման ազատության ապահովման և պաշտպանության ՄԱԿ հատուկ զեկուցողի, ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցների և այլ միջազգային-իրավական փաստաթղթերի վերլուծության արդյունքում Պաշտպանը եզրահանգել է, որ Նախագծի խնդրո առարկա իրավակարգավորումները մտահոգիչ են մարդու իրավունքների տեսանկյունից, մասնավորապես՝ կարող են հանգեցնել կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքների անհամաչափ սահմանափակման։

Նախագծով չեն նախատեսվել նաև այն դեպքերը, երբ կարող են կիրառվել նախատեսված միջոցառումները, պայմանները, երաշխիքները, վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև թե որ մարմինն է իրականացնելու նախատեսված գործառույթները։

Կարծիքի արտահայտման ազատությունը և այն իրացնելու հիմնական միջոցների երաշխավորումը՝ որպես ժողովրդավարական հասարակության հիմնաքար և զարգացման կարևոր նախապայման, ունի ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային իրավական սկզբունքային նշանակություն։

Պաշտպանը կոչ է անում նախաձեռնողներին ոլորտի մասնագետների ու պատասխանատուների ներգրավմամբ լրամշակել նախագծի խնդրահարույց դրույթները։