Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով. Սուրեն Պապիկյան

Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով, այդ թվում՝ դասախոսական համակազմի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը, որի ժամանակ քննարկել ենք մի շարք հարցեր ու կայացրել կարևոր որոշումներ։ Ի թիվս այլ որոշումների՝ Հոգաբարձուների խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը:

Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով, այդ թվում՝ դասախոսական համակազմի։ Ի դեպ, այս տարվա սեպտեմբերից պրոֆեսորների աշխատավարձը արդեն իսկ բարձացվել էր տասը տոկոսով։

Հաստատված բյուջեում առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի տրամադրումը։

Բարձրացվել է նաև ԵՊՀ ներքին դրամաշնորհային ծրագրերին հատկացվող գումարի չափը, ինչի արդյունքում եկող տարի սահմանվելու է ևս ներքին տասը դրամաշնորհ»: