ԱԱԾ-ում պարտադիր ատեստավորման համակարգ ներդնելու նախագիծը դրվել է հանրային քննարկման

Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է իրենց ծառայությունում ներդնելպարտադիր ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որ ատեստավորման կարգը, պետական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման, վերահսկման գործառույթների շրջանակը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:

ԱԱԾ-ն առաջարկում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորումն իրականացնել պարտադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահպանմանը:

«Միաժամանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվել է հավելավճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շարունակվելու համար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:

Ընդ որում, երկրորդ անգամ նոր ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողները, կազատվեն զբաղեցրած համապատասխան պաշտոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող և ազգային անվտանգության մարմիններում ոչ պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպքում, կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակվի ծառայությունից»,- նշված է նախագծում՞

Բացի այդ, առաջարկվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի՝ հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը կսահմանվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորմատիվ հրամանով: