Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չէ իշխանափոխություն անել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը հասարակական գործիչ, վերլուծաբան Մհեր Ղուշչյանն է։  

Հաղորդման հյուրի հետ տարին ամփոփելով՝ անդրադարձանք ադրբեջանցի ու թուրք ահաբեկիչների կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու միջադեպին, ինչի պատճառով դեկտեմբերի 12-ից Արցախի 120 հազար բնակչությունը շրջափակման մեջ է հայտնվել՝ դրանից բխող բոլոր դժվարություններով ու ճգնաժամերով։ Մհեր Ղուշչյանն ասաց, որ Ադրբեջանը բարբարոսական երկիր է, և նրանք միայն ուժի լեզուն են հասկանում, հետևաբար այդ հարցը պետք է ուժի միջոցով լուծվի և կամ Հայաստանը պետք է գնա զիջումների ու կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները։ Բայց այդ դեպքում Ալիևը ավելի ու ավելի շատ պահանջներ կներկայացնի՝ ընդհուպ մինչև ամբողջ Հայաստանի կապիտուլյացիա։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի արձագանքում միջազգային հանրության հորդորներին ու ճանապարհը բացելու պահանջներին։ Վերլուծաբանը հիշեցրեց Արցախյան առաջին պատերազմի տարիները, երբ շրջափակված էր Բերձորը, և միջազգային հանրությունը լուռ էր ու անհաղորդ։ Նույնը կատարվում է հիմա՝ Ալիևը գիտի, որ արված հայտարարությունները որևէ հետևանք չեն ունենալու, ուստի չի շտապում ապաշրջափակել Արցախը։

Բացի դա, Ալիևն արդեն անթաքույց հայտարարում է Հայաստանի նկատմամբ իր հավակնությունների մասին՝ շրջանառության մեջ դնելով «արևմտյան ադրբեջան» եզրույթը։ Դրանով նա հող է նախապատրաստում ռազմական, դիվանագիտական, պատմական ճանապարհով տիրանալ նաև հայկական տարածքներին։ Եվ նրա այս հայտարարությունը հաղորդման հյուրը շատ վտանգավոր է համարում՝ ասելով, որ Ալիևը այդ նպատակին հասնելու համար կգնա նաև պատերազմի, մանավանդ հիմա իր հավանական հաղթանակի համար նպաստավոր պայմաններ կան՝ Հայաստանի իշխանությունները ադրբեջանական շահի սպասարկողներն են, Ռուսաստանը զբաղված է ուկրաինական պատերազմով, աշխարհն անտարբեր է Հայաստանի նկատմամբ, իսկ Ադրբեջանը Արևմուտքին հարկավոր է էներգետիկ պաշարների համար։

Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չէ իշխանափոխության հասնել։ Ըստ Մհեր Ղուշչյանի՝ բոլոր գլխավոր խաղացողների միջև համաձայնություն կա՝ Փաշինյանին իր պաշտոնին պահելու հարցում, ուստի ընդդիմությունը չի կարող հաջողության հասնել։ Ձախողման պատճառներից մեկն էլ, ըստ նրա, ընդդիմության անմիաբան ու պառակտված լինելն է։ Եթե ամեն ինչ նույն սցենարով ընթանա, ապա Փաշինյանը դեռ երկար կղեկավարի երկիրը վարչապետի պաշտոնում։

Մանրամասները՝ տեսանյութում