Ահազանգ. ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակը ծանր է. ինչ է կատարվում

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպան Անդրանիկ Սիմոնյանն ArmLur.am-ին ահազանգում է.

«Ինչպես հայտնի է, մոտ մեկ ամիս առաջ Ստեփան Գալստյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ենթարկվել է տևական բժշկական հետազոտությունների ու վիրահատության:
Հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն, որն անհամատեղելի է խափանման միջոց կալանքի կրման հետ, և որի հետագա զարգացումն էլ ավելի ծանր հանգրվանի է հասցնելու Ստեփան Գալստյանի ներկայիս առողջական վիճակը:
Չնայած նրան, որ վերը նշված ու բժշկական բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով փաստարկված իրադրությունում Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով լիարժեք լիազորված է եղել փոփոխելու Գալստյանի խափանման միջոց կալանքը, այնուամենայնիվ, դատարանը հետաձգել է նշված հարցի քննարկումը՝ նշանակելով դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք Գալստյանի մոտ ախտորոշված ծանր հիվանդությունը համատեղելի է խափանման միջոց կալանքի կրման հետ:
Դրանից հետո, սակայն, բանից պարզվել է, որ այն հանձնաժողովը, որին դատարանը հանձնարարել է հիշյալ փորձաքննության կատարումը, չի գործում, և հայտնի չէ, թե երբ կգործի:
Այս հարցին Գալստյանի պաշտպանի կատարած հարցումներին ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարարությունը տվել է վերացական պատասխաններ՝ հայտնելով, որ հանձնաժողովը գտնվում է կազմավորման փուլում, և փորձաքննությունների կատարումը մի փոքր կձգձգվի:

Եվ ահա, մինչև հանձնաժողովի ձևավորումը և փորձաքննության մի փոքր ձգձգվելը, Ստեփան Գալստյանը քրեակատարողական հիմնարկում շարունակում է տառապել ախտորոշված ծանր հիվանդությունից՝ մոտավորապես երեք օրը մեկ պարբերականությամբ ստիպված լինելով առողջական նշված պայմաններում տեղափոխվել հիվանդանոց, փոքր-ինչ մեղմել ցավերը և կրկին վերադառնալ քրեակատարողական հիմնարկ:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դատարանը նույնիսկ այս պայմաններում հրաժարվում է փոփոխել Գալստյանի խափանման միջոցը՝ իրավագիտությանն անհայտ պատճառներով…»:

Նշենք, որ Գալստյանն անպիտան հրթիռների գործով կալանքի տակ է, կալանքի տակ է նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: