Մասկի նախագահություն, ԵՄ-ի փլուզում, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ․ Մեդվեդևի ֆուտուրիստական կանխատեսումները

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «ֆուտուրիստական ​​կանխատեսում» է արել 2023-ի համար:

«Շատերը ֆուտուրիստական ​​վարկածներ են կիրառում, մրցում են ամենաանսպասելի և անհեթեթ առաջարկներով: Մենք էլ մեր ներդրումն ենք անում: Ինչ կարող է լինել 2023 թվականին. նավթի գների բարձրացում մինչև 150 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ գազի գները մինչև 5000 դոլար 1000 խորանարդ մետրի համար»,- գրել է նա «Թելեգրամի» ալիքում։

Մեդվեդևի խոսքով, Եվրոպային հիասթափեցնող փոփոխություններ են սպասում. Մեծ Բրիտանիան կարող է վերսկսել անդամակցությունը ԵՄ-ին, որից հետո միությունը կքանդվի։

«Լեհաստանի և Հունգարիայի կողմից նախկին Ուկրաինայի արևմտյան շրջանների գրավում: Չորրորդ ռեյխի ստեղծում Գերմանիայի և նրան միացած արբանյակների հիման վրա (Լեհաստան, Բալթյան երկրներ, Չեխիա, Սլովակիա, Ռումինիա, Կիևի Հանրապետություն և այլ մարգինալներ): Պատերազմ Ֆրանսիայի և Չորրորդ ռեյխի միջև, Եվրոպայի մասնատում՝ ներառյալ Լեհաստանի նոր բաժանումը»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Նա կանխատեսումներ է արել ԱՄՆ-ի վերաբերյալ․ այն կբաժանվի  առանձին նահանգների, Մասկը կնախագահի։

«Քաղաքացիական պատերազմը Միացյալ Նահանգներում, Կալիֆորնիայի և Տեխասի անջատումը անկախ նահանգների: Տեխասի և Մեքսիկայի միութենական նահանգի ստեղծումը: Իլոն Մասկի հետագա հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ քաղաքացիական պատերազմից հետո հանրապետականներին հատկացված որոշ նահանգներում»,- կանխատեսել  է Մեդվեդևը։