Հայաստանում կրթական ոլորտի առաջատար կազմակերպությունները բաց նամակով դիմել են ԵՄ հայաստանյան գրասենյակին, ՄԱԿ-ին

Հայաստանում կրթական ոլորտի առաջատար կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական միության հայաստանյան գրասենյակին, Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) և ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների դեսպանատներին՝ կապված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման և ահագնացած հումանիտար ճգնաժամի հետ։

Նամակում նշված է. «Ադրբեջանական կողմն այս և պարբերաբար իրականացվող գործողություններով կոպտորեն խախտում է իր իսկ կողմից վավերացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով սահմանվում է յուրաքանչյուր անհատի կրթություն ստանալու իրավունքը։ Փաստացի, պարբերաբար խաթարվել է 30.000 երեխայի կրթության իրավունքը, որը երաշխավորված է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով։ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման արդյունքում մի շարք հայաստանյան և միջազգային կրթական կազմակերպություններ չեն կարողանում պատշաճ ձևով կատարել իրենց աշխատանքները։ Վերջիններիս բազմաթիվ աշխատակիցներ կա՛մ չեն կարողանում վերադառնալ իրենց համայնքներ, կա՛մ գտնվում են շրջափակման մեջ՝ հենց Արցախում»։

Բաց նամակը ստորագրվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «Այբ» կրթական հիմնադրամի, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Շիրակացու ճեմարանի,, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, «ռեԱրմենիա» հիմնադրամի, Հայ կրթական հիմնարկության, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի, «Ես» կրթական հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության և «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնություն կողմից։

Նամակի հեղինակները կոչ են անում միջազգային կառույցներին ու օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին իրենց մանդատի շրջանակներում վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը, ապահովել անվտանգ կրթական միջավայր և կանխել խտրական վերաբերմունքը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հրատապ կերպով վերականգնել Արցախը Հայաստանին կապող ցամաքային միակ ճանապարհով անվտանգ հաղորդակցությունը և որպես լրացուցիչ միջոց՝ ապահովել օդային հաղորդակցություն այն դեպքերի համար, երբ այդ ճանապարհի օգտագործումն անհրաժեշտ է հրատապ մարդասիրական նպատակներով:

Կազմակերպությունները պահանջում են անհապաղ հանդիպում կազմակերպել ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների հետ՝ ակնկալվող գործողությունների քննարկման նպատակով։

Կազմակերպությունները նմանաբովանդակ նամակներ են պատրասվում ուղարկել նաև այլ միջազգային կառույցներ։

Նամակի բովանադակության հետ կարող եք ծանոթանալ այստեղ։