Ռուս խաղաղապահները չեն հեռանում Լաչինի միջանցքից

Քիչ առաջ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ հրապարակումներ են արել՝ հարցադրումով, թե արդյո՞ք ռուս խաղաղապահները հեռանում են Լաչինի միջանցքից։

Որպես ապացույց՝ «Հրապարակ» օրաթերթը ներկայացրել է 2 լուսանկարներ, որոնցում իրոք երևում է, որ ռուսները հավաքում են իրենց վրանները։

Իրականում ռուսները հավաքում են այն վրանները, որոնք տեղադրել են մոտ 10 օր առաջ, երբ Շուշի-Քարինտակ խաչմերուկը փակել էին ադրբեջանցի մի քանի տասնյակ մարդիկ։ Հիմա ռուս խաղաղապահները հավաքում են այդ վրանները, ոչ թե դուրս են գալիս այդ հատվածից։ Թե ինչու են հավաքում վրանները, չեմ կարող ասել, գուցե ունեն հրահանգ այլ վայրում տեղադրելու կամ գործողությունների անցնելու վերաբերյալ։ Բայց այդ խաչմերուկի մոտից ռուս խաղաղապահների տեղակայման վայրը դուրս չի գալիս, դա միանշանակ։

Եթե ուշադիր նայենք, կտեսնենք նաև, որ լուսանկարներն արվել այն վայրից, որտեղ կանգնած են ադրբեջանցիները՝ ցանկապատի հետևից։ Այսինքն լուսանկարների հեղինակներն ու տարածողները ադրբեջանցիներն են։ Բնականաբար թշնամին ամեն միջոց օգտագործում է մեր մեջ վախ և խուճապ տարածելու համար։ Չեմ բացառում, որ ռուսների հեռանալու մասին այդ կեղծ տեղեկությունը հենց ադրբեջանական ԶԼՄ-ներն են տարածել, մերոնք էլ կուլ են տվել խայծը և տարածում են հայկական մեդիահարթակներում։

Ամեն դեպքում հատկապես Արցախի մեր հայրենակիցներին խնդրում եմ չտրվել թշնամու սադրանքին ու չվախենալ,  ռուսները Արցախից դուրս չեն գալիս։

Առաջիկա ժամերին փորձեմ հստակ իմանալ, թե ինչու են ռուսները հանել Շուշի-Քարինտակ խաչմերուկի իրենց վրանները և որտեղ են տեղակայում։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից