Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում ապահովել Ղարաբաղում իր վրա դրված անվտանգության երաշխիքները. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան պատասխանել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելի նամակին և մեկնաբանել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման անհրաժեշտության մասին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Անն Լոուրենս Փեթելը։

Կոլոննան նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստն արդյունավետ է եղել, քանի որ գազամատակարարումը վերականգնվել է, իսկ Կարմիր Խաչը ԼՂ մուտքի հասանելիություն է ստացել։

«Լիովին կիսում եմ Ձեր մտահոգությունը։ Դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի շրջափակումն անընդունելի է և լի է ծանր հումանիտար հետևանքներով ԼՂ բնակչության համար: Ֆրանսիան կոչ է արել անհապաղ և անվերապահորեն վերացնել տեղաշարժի սահմանափակումները և հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, որով երաշխավորվում է մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով։ Ինչպես հայտնի է, Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ՝ նույն եռակողմ հայտարարության համաձայն։ Այնտեղ չկա ո՛չ Ֆրանսիա, ո՛չ ԵՄ, ո՛չ ՄԱԿ։ Մենք պետք է արձանագրենք, որ այսօր Ռուսաստանը նախկինի պես չի կարող կամ չի ցանկանում ապահովել իր վրա դրված անվտանգության երաշխիքները։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ Ֆրանսիան հանդես է եկել նախաձեռնությամբ․ ՀՀ կառավարության խնդրանքով հարցը ներառել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։ Այդ նիստին հաջորդել է ԱԽ արտահերթ նիստը՝ բաց կազմով, Ֆրանսիայի նախաձեռնությամբ, ինչը թույլ է տվել նրա բոլոր անդամներին հայտարարել միջանցքով տեղաշարժի և մարդասիրական կազմակերպությունների՝ ԼՂ հասանելիության շտապ վերականգնման մասին»,-ասել է ֆրանսիացի նախարարը՝ հավելելով, որ Ֆրանսիան մշտական կապի մեջ է եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների և բոլոր կողմերի հետ՝ հարցը շուտափույթ լուծելու համար։

Նա նաև հայտարարել է, որ ջանքեր են գործադրվում Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների մշտական առաքելությանը կարգավիճակ տալու համար։ Նրա խոսքով՝ առաքելությունը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել սահմանային լարվածությունը և հանդես է եկել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցություններին աջակցելու համար:

«Այդ կապակցությամբ դեկտեմբերի 20-ից ՀՀ տարածքում մեկնարկել է գնահատման և պլանավորման ժամանակավոր առաքելությունը։ Դա թույլ կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդների արագ տեղակայմանը, որը կսկսվի ԵՄ 27 անդամների կողմից մանդատի հաստատումից հետո: Հավատարիմ մնալով իր արժեքներին, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ Ֆրանսիան շարունակում է անխոնջ աշխատել, ինչպես դա արել է ավելի քան երեք տասնամյակ՝ հանուն Կովկասում արդար և հարատև խաղաղության, խաղաղություն, որից առաջին հերթին կշահի հայ ժողովուրդը»,-ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։