Շատ եմ խնդրում, մի հանձնվեք

Արդեն 13 օր շարունակ Ադրբեջանը փակել է Շուշի-Քարինտակ խաչմերուկն ու ամեն կերպ փորձում է նախ հոգեբանական ճնշում գործադրել Արցախի հայերի վրա։

Սա հասկանում ենք մենք, բայց բոլոր կողմերից եկող ահռելի քանակության քարոզչությունը մարդկանց այլ բան է ասում։ Արցախցիները ամեն օր լսում են ցեղասպանության վտանգի, լայնածավալ պատերազմի, սովի և բազմաթիվ նման աղետալի երևույթների մասին նախևառաջ Հայաստանի պաշտոնյաների ու լրատվամիջոցների կողմից։

Որքան էլ ամուր լինես, որքան էլ կամք ունենաս, միևնույն է, հենց քեզ վանդակում զգացիր, հենց իմացար, որ քո ճանապարհները փակ են, անկախ քո կամքից, սկսում ես տագնապ ապրել, իսկ երբ դրան գումարվում են բազմաթիվ հայրենակիցների խուճապային հայտարարությունները, իշխանությունների խոսքերը սպասվող ցեղասպանության ու նման բաների մասին, արդեն նյարդերդ տեղի են տալիս։

Ինքս ամեն օր ստանում եմ խուճապի ու վախի տրամադրությամբ տասնյակ նամակներ, փորձում եմ մարդկանց նաև անհատապես հասկացնել, որ Արցախին ֆիզիկական վտանգ չի սպառնում, որ սա նյարդերի կռիվ է, որ ճանապարհը փակելով’ թշնամին նպատակ ունի մարդկանց ահաբեկել ու այդկերպ ստիպել լքել Արցախը։

Բայց ինչքան էլ ասես, երբ դու ընդամենը մի քանի համախոհների հետ մենակ ես այդ պայքարում, իսկ դիմացը թշնամու հսկայական քարոզչամեքենան է, կողքիդ էլ Հայաստանի մեծ թվով լրատվամիջոցներն ու պաշտոնյաները, որոնք փաստացի հայերեն լեզվով են կրկնում թշնամու քարոզչությունը, քո ոգեշնչող ու դիմադրության խոսքերը ավելի քիչ ազդեցություն են ունենում։ Վերջին օրերին արդեն սկսել որոշ Արցախցիներ գրել, թե ինձ էլ չեն հավատում, քանի որ իմ ասածները իրականություն այլևս չեն դառնում, թշնամին չի բացում ճանապարհը։

Ես, իհարկե, թևաթափ չեմ լինում։ Իմ պայքարը շարունակական է ու կլինի այնքան, քանի դեռ թշնամին Արցախում տարածքների է տիրում ու քանի դեռ Հայաստանում իշխանություն է վերցրել։

Բայց միայնակ կամ քիչ համախոհներով դժվար է, շատ դժվար։

Շատ եմ խնդրում, մի հանձնվեք։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից