Մեծ պատերազմից հինգ պակաս է. 8

Պուտինը կկարողանա՞ կանխել այն…

 

Սկիզբը` այստեղ (

Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Դրանից հետո արդեն բավական ժամանակ է անցել: Բավական, որպեսզի բանակցությունների մանրամասները Բայրամովի կողմից փոխանցվեին Իլհամ Ալիևին, և Ադրբեջանի նախագահի կողմից հրահանգ կամ հրաման տրվեր դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքն արգելաբացելու: Բայց դա Ալիևի կողմից այս պահի դրությամբ չի արվել ու դժվար էլ թե վաղը կամ մյուս օրն արվի…

Արցախի համար Հայաստանի ու մնացյալ ողջ աշխարհի հետ տրանսպորտային կապի այս միակ, հետևաբար կյանքի ճանապարհը թշնամու կողմից շարունակում է մնալ արգելափակված, ոչ էլ բացելու ժամկետն է նշվում: Այս ամենը վկայությունն է նրա, որ Լաչինի միջանցքը բացելու Ռուսաստանի դիվանագիտական ջանքերը ձախողվեցին նաև այս փուլում, ընդ որում, արտգործնախարարի մակարդակով:

Լավրովն այսօր ամփոփելով Բայրամովի հետ հանդիպման արդյունքները, ասել է. «Մենք կողմ ենք, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի տրանսպորտային հաղորդակցությունը…»: Նախ, կողմ լինելը քիչ է… Մենք էլ ենք շատ բանի կողմ, հետո՞ ինչ…

Եվ երկրորդ. Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումն ինչ- որ հնարավորությունից չի կախված: Ավտոճանապարհն արգելափակած մի քանի տասնյակ կամ, թեկուզ, մի քանի հարյուր «բնապահպանների» ու մյուսների հեռանալն այնտեղից, վրանների հավաքումը, Ալիևի և նրա արևմտյան ու թուրքական տերերի ցանկության դեպքում, հնարավոր է նույնիսկ րոպեների ընթացքում, հետևաբար Լաչինի միջանցքի արգելաբացումը ոչ թե հնարավորությունից, այլ ցանկությունից, քաղաքական որոշումից է կախված:

Անժխտելի է, որ Լաչինի միջանցքը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  6-րդ կետի համաձայն, ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո պետք է լինի:

Փաստ է և անժխտելի նաև այն, որ Լաչինի միջանցքն իր մի մասով (Շուշի- Քարինտակ հատվածում) այլևս ոչ թե ՌԴ խաղաղապահ զորակազմի, այլ Ադրբեջանի «բնապահպանների», «լրագրողների», ոստիկանության հատուկջոկատայինների, քաղաքական գործիչների, նրանց աջակցող քաղաքացիների (ադրբեջանական խուժանի) և այլոց փաստացի վերահսկողության ներքո է:

Եթե ՌԴ խաղաղապահ զորակազմը միջանցքի տվյալ հատվածում չի կարողացել կատարել իր վերահսկողական գործառույթը՝ փոքր թվակազմի, ուշ տեղեկանալու կամ այլ պատճառով չի կարողացել թույլ չտալ ադրբեջանցիների մուտքն այնտեղ ու ճանապարհի արգելափակումը, եթե չնայած վերոնշյալին, ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը չի ուզում Լաչինի միջանցքը բացել ուժային եղանակով՝ գիտակցելով, որ դրանից հետո Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի դեմ պատերազմ կսադրի, որի մեջ անմիջապես կմտնի նաև Թուրքիան, այսինքն՝ Ռուսաստանը չի ուզում այստեղ 2-րդ ճակատն ունենալ և իրականություն դարձնել Արևմուտքի երազանքն ու ծրագիրը, ապա այս ամենը կարելի է հասկանալ: Բայց այդ դեպքում ավելի լավ է լռել և ոչինչ չասել, քան թե ասել բաներ, որոնք այստեղ ջուր են լցնում հակառուսական քարոզչությամբ զբաղվողների հասարակության շրջանում հակառուսական տրամադրություններ առաջացնողների ջրաղացին:

Հստակ է, որ Ադրբեջանն իրադարձությունների զարգացումը տանում է դեպի մեծ պատերազմ, իհարկե, առաջին հերթին, Լաչինի միջանցքը համառորեն չբացելով ու հարկադրելով, որ ռուսական խաղաղապահները կամ, վերջիններիս չմիջամտելու դեպքում, հայկական կողմն այն բացի ուժային եղանակով: Կարծում ենք, Ռուսաստանում էլ են հասկանում, որ Լաչինի միջանցքը չի կարող շատ երկար փակ մնալ ու վտանգի տակ դնել արցախցիների գոյությունը: Թե դեկտեմբերի 26-27-ին Ալիևի հետ հանդիպելիս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացավ նրան համոզել Լաչինի միջանցքը բացելու հարցում, կարողացավ, ուրեմն գոնե միջանցքի արգելափակման կապակցությամբ պատերազմ չի լինի, այլապես…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան