Փաշինյան-Ալիև պայմանավորված բլոկադա՝ Արցախն ամբողջությամբ հանձնելու նպատակով (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան է:

Անժելա Էլիբեգովան, մասնավորաբար ասել է․

  • Չնայած ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իսրայելը ցանկանում են Ադրբեջանը որպես գործիք ծառայեցնել իրենց աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար, բայց ցավոք, Ադրբեջանը հիմար չէ, որ գնա այդ քայլին։ Ադրբեջանը ոչ պակաս կարողանում է իր շահերին ծառայեցնել այդ երկրներին։
  • Ադրբեջանն այսօր չի ցանկանա դառնալ պլացդարմ Ռուսաստանի կամ Իրանի դեմ, քանի որ չունի այդ ռեսուրսը, այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ պատերազմելու, որքան էլ իր գործընկերները՝ ԱՄՆ-ը, Իսրայելը դրդեն Ալիևին գնալ այդ քայլին։
  • Ադրբեջանը կարողանում է իր հարևանությունը Ռուսաստանի ու Իրանի հետ վաճառել Արևմուտքի վրա՝ ինչպես իր գազն ու նավթը, նաև կարողանում է իր համագործակցությունը Արևմուտքի հետ՝ վաճառել Ռուսաստանի ու Իրանի վրա։ Այսինքն, Ադրբեջանը գործում է բալանսավորված։
  • Իհարկե, գերտերությունները կուզեն, որ Ադրբեջանը դառնա հարթակ Իրանի դեմ։ Ալիևը չի անցնի կարմիր գծերը ու չի ցանկանա դառնալ գործիք ԱՄՆ-ի ու Իսրայելի ձեռքում։
  • Ադրբեջանում հասկանում են, որ Իրանի զորավարժությունները՝ Արցախի օկուպացված տարածքների սահմանին, դեմոնստարատիվ չէին և կրում էին մեսիջային բնույթ։ Դրան ի պատասխան՝ Ադրբեջանն ու Թուրքիան արեցին զորավարժություններ և այդպիսով սառեցվեց լարվածությունը։
  • Ալիևը Նախիջևանում ներսից մաքրում է համակարգը։
  • Ադրբեջանը ձգտում է միջազգային հարթակներում գերտերությունների հետ դառնալ հավասարազոր գործընկեր։ Ալիևի ամբիցիաները 2020-ից հետո ավելի աճել են, ու դրանով Ադրբեջանը դառնում է էլ ավելի վտանգավոր։
  • Փակելով Բերձորի միջանցքը՝ Ալիևը մի քանի խնդիր է լուծում․ առաջին՝ ստուգում է դիմադրողականության պաշարները, թե արցախահայությունը որքանո՞վ կդիմանա այս հումանիտար աղետին։ Երկրորդ, Ադրբեջանը ստուգում է միջազգային հանրության ռեակցիան, թե ինչպե՞ս կարձագանքի աշխարհը, որքանո՞վ դրանք կոշտ կլինեն, ո՞ր երկիրն իրեն ինչպես կպահի։ Հետո այդ երկրների հետ կուղղի իր սխալները՝ երկկողմ փոխհարաբերություններում, որպեսզի լուրջ հարձակման ժամանակ լռեցնի նրանց արձագանքը։ Ադրբեջանի համար ո՛չ ՄԱԿ-ի, ո՛չ ՄԻԵԴ-ի որոշումները պարտադիր չեն, եթե դրանք համակցված չեն պատժամիջոցներով, ապա կմնան թղթի վրա։ Երրորդը, փակելով Բերձորի միջանցքը՝ Ադրբեջանը հոգեբանական ազդեցություն է ունենում արցախահայության վրա, նրանց կանգնեցնելով երկընտրանաքի առաջ՝ կա՛մ ընդունեն իր խաղի կանոնները, կա՛մ լքեն Արցախը։ Չորրորդ, Ալիևը ուզում է ցույց տալ, որ ռուս խաղաղապահները իրենց առջև դրված խնդիրը չեն լուծում, հետևաբար, պետք է հեռացվեն։ Սա Ադրբեջանի վաղեմի խնդիրն է։ Հինգերորդ, ցույց տալ, որ Հայաստանը պետք է գնա զիջումների, ու ինքն ունի նման լծակներ ՀՀ-ի վրա ներազդելու և բանակցություներում Ադրբեջանի համար շահեկան լուծում ստանալու համար։
  • Եթե Հայաստանն այսօր ունենար նորմալ իշխանություն, կարող էր Բերձորի միջանցքի փակումը ճիշտ օգտագործել Ադրբեջանի դեմ ու բանակցություններում շահեկան դիրքերից խոսել Ադրբեջանի հետ, որպես ագերսորի, որն արդեն երկու շաբաթ է՝ ստեղծել է հումանիտար աղետ՝ մարդկանց դեմ հանցագործություն կատարելով։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։