Ջեյք Սալիվանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դիտարկել լարվածությունը թուլացնող քայլեր

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը։

Ինչպես տեղեկացրել է Սպիտակ տունը, Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հետ։

Այդ զրույցների ընթացքում կողմերը գնահատել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ի նրանց համատեղ հանդիպումներից հետո ձեռք բերված բանակցային առաջընթացը։ «Բոլոր կողմերը հաստատել են իրենց կողմնակցությունը բանակցություններին՝ խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով։ Սալիվանը երկու կողմերին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը և ապագայում բարիդրացիական հարաբերությունների հիմք կծառայեն։ Սալիվանը նշել է մեր մշտական անհանգստությունը Լաչինի միջանցքով անցման դժվարացման և այդ իրավիճակի աճող հումանիտար հետևանքների առումով և կոչ է արել լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը»,- նշվել է հաղորդագրությունում։