Հիանալի նորություններ ունենք, որոնցով տուն եմ վերադառնում. Զելենսկին՝ Բայդենի հետ հանդիպումից հետո

Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինա է վերադառնում լավ նորություններով, մասնավորապես՝ երկրի պաշտպանունակության ուժեղացման վերաբերյալ։

«Հստակ ըմբռնում ունենք, թե ինչպես են ուժեղացվելու մեր պաշտպանական կարողություններն առաջիկա ամիսներին։ Չեմ ուզում այսօր այդ մասին մանրամասն ասել, ես կարծում եմ՝ հասկանում եք, թե ինչու։ Բայց ես դրա համար շատ երախտապարտ եմ նախագահ Բայդենին»,- ասել է Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՈՒՆԻԱՆ-ը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այսօր իր բանակցությունների գլխավոր հարցն Ուկրաինայի ամրապնդումն է եղել։

«Դա հաջորդ տարին է։ Դա դեպի հաղթանակ մեր ընթացքն է՝ հանուն անկախության մղվող պատերազմում։ Մենք հիանալի նորություններ ունենք, որոնցով ես տուն եմ վերադառնում։ Նախագահ Բայդենն այսօր հայտարարել է Ուկրաինային մոտ 2 մլրդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին, և այդ փաթեթի ամենաուժեղ տարրը Patriot համալիրն է, այն էապես կուժեղացնի մեր հակաօդային պաշտպանությունը։ Սա Ուկրաինայի համար կարևոր քայլ է գործուն օդային վահանի ստեղծման գործում»,- նշել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Բայդենի հետ զրույցի շատ կարևոր մասը վերաբերել է հետագա ռազմավարական քայլերի համակարգմանը։

«Մենք հանգամանալի խոսեցինք այն մասին, թե ինչ ենք սպասում հաջորդ տարի և ինչի ենք պատրաստվում։ Դա կարևոր է բոլոր ուկրաինացիների համար»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով՝ քննարկվել է Ուկրաինայի ավերված ենթակառուցվածքի, առաջին հերթին՝ էներգետիկայի վերականգնումը, ինչպես նաեւ հետագա պատժամիջոցային եւ իրավաբանական ճնշումը Ռուսաստանի վրա։

Նա շնորհակալություն է հայտնել ամերիկյան ժողովրդին և Բայդենին՝ Ուկրաինային աջակցելու և ցուցաբերած ըմբռնման համար։ Զելենսկին նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը կընդունի Ուկրաինայի համար մոտ 45 մլրդ դոլար ծավալով ֆինանսական աջակցության փաթեթը։