Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամում իրանական արձագանքի առանձնահատկությունները

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի/Լաչինի միջանցքի արգելափակման ադրբեջանական բազմաշերտ սադրանքի հետ կապված Իրանի դիրքորոշումը խիստ կաշկանդված է։ Այս մասին գրել է տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը, ապա շարունակել․

«Առայժմ Իրանից հնչած պաշտոնական արձագանքը միայն ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանիի մակարդակով է։ Իսկ մոտեցման բովանդակային շեշտադրումները 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման, հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության և կողմերի միջև խաղաղ երկխոսության կոչի շրջանակում է։

Իրանի նման «թույլ» մոտեցման պատճառը ԼՂ հիմնախդրի հետ կապված Թեհրանի պաշտոնական դիրքորոշումն է և Արցախի տարածքում ձևավորված նոր իրողությունները։

Ըստ այդմ, անկախ Իրանի իրական շահերի բնույթից՝ Թեհրանի կողմից մշտապես առաջ մղված՝ «տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի» պահպանման տեսանկյունից՝ Արցախը մշտապես դիտարկվել է որպես Ադրբեջանի մաս։ Չնայած, հարկ է նշել, որ Իրանի համար ամենաշահեկանն Արցախի ինքնավար կարգավիճակն է, քանի որ այդ դեպքում շատ ավելի մեծ է Թեհրանի առանձին ազդեցության տարածման հնարավորությունը նաև այս շրջանում։

Իրանական կողմին կաշկանդող մյուս հանագամանքը Արցախի՝ ռուս խաղաղապահ առաքելության գոտի հանդիսանալու հանգամանքն է։ Այսինքն՝ հատկապես Իրան-Ռուսաստան հարաբերությունների նման զգայուն շրջափուլում Թեհրանի կողմից նպատակահարմար չէ հասցեական արձագանք հնչեցնել մի խնդրի վերաբերյալ, որը շոշափում է Մոսկվայի դերակատարման թերացումները։

Բայց միևնույն ժամանակ պետք է փաստել, որ իրանական նման դիրքորոշումը հնչեցվում է այն պարագայում, երբ ամենաբարձր մակարդակով մշտապես ընդգծվել է տարածաշրջանում «փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության» սկզբունքի կարևորությունը, որն էլ, ըստ էության խախտվում է Արցախի շուրջ ստեղծված մերօրյա ճգնաժամի պատճառով։

Վերոնշյալի համատեքստում, այնուամենայնիվ, չի բացառվում, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշման որոշակի դինամիկա արձանագրվի հատկապես այն պարագայում, եթե ադրբեջանական կողմն սկսի առավել բացահայտ կերպով հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և թյուրքական «Զանգեզուրի միջանցք» նախագծով նախատեսվող կապուղիների իրավական ռեժիմի միջև»։