Ադրբեջանին ենք փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները և պատրաստ ենք ստորագրել այդ պայմանագիրը. Փաշինյան

Այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է փորձերը Հայաստանին մեղադրել իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ. նման փորձերը սին են ու հիմնազուրկ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի հավելումն պետք է ասեմ, որ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը ևս դրական կլինի:

Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել:

ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ  լուծման: ՀՀ-ն դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխվորման մասին իր առաջարկները, բայց մինչ օրս պատասխան չենք ստացել: Այդ առաջարկները ներառում են նաև Հայաստանի օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ  ինքնիշխան տարածքների օկուպացիան, նրա զորքերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

«Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների, մենք շարունակում ենք իրենց ջանքերը համապարփակ լուծումների գնալու, խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ։ Որքան էլ հասկանում ենք այս առաքելության բարդությունը, սրանից մեր վերաբերմունքը և նպատակասլացությունը չի փոխվում»,-իր խոսքն ամփոփեց Փաշինյանը: