Դե ֆակտո ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կատարում եռակողմ հայտարարությամբ արձանագրված իր պարտավորությունը. Փաշինյան

Նախորդ շաբաթվանից Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հագուցալուծվել, բացառությամբ մի բանի, վերականգնվել է ԼՂ գազի մատակարարումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակվելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված մնալ, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա ստիպված հայտնված լինելով շրջափակման տարբեր կողմերում: ԼՂ-ում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում պարենի դեֆիցիտ է նկատվում: Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները:

Հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների երթևեկության անվտանգությունը: Այս դրույթը, փաստացի այսօր չի իրագործվում:

Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույատրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Իսկ այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել: