Առանց Սյունիքի ու Արցախի՝ աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի՝ մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող․ Գարեգին Նժդեհ

Այսօր Հայ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի մահվան տարելիցն է։

Գարեգին Նժդեհը, իսկական անունը` Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, ծնվել է 1886թ.-ի հունվար 1-ին, հայոց Նախիջևան գավառի Կզնուտ (այժմ` Կյուզնուտ) գյուղում: Եղել է ընտանիքի չորրորդ երեխան:

Սկզբնական կրթությունն ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում` ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ միացել է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև գնացել է Սանկտ Պետերբուրգ, և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով, լքել համալսարանն ու ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին։

1906 թվականին Բուլղարիայում Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը, և այն հաջողությամբ ավարտելով, 1907թ. վերադարձել Կովկաս։ 1907-1908թթ. անցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցել պարսկական հեղափոխական շարժմանը։

Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909թ. վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի` տեղափոխվել է Բուլղարիա։ Երբ 1912թ. սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության) բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձավ Կովկաս Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ` 1944թ.-ի հոկտեմբերի վերջերին խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է:

Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946թ.-ի նոյեմբերին Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունն ավարտվում է 1948թ.: Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության` ժամկետը հաշված 1944թ.-ից: 1947թ. Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր՝ սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։

Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։ 1948-1952թթ. Նժդեհը գտնվում էր Վլադիմիրի բանտում, այնուհետև մինչև 1953 թվականի ամառը, Երևանի բանտում։ Որոշ ժամանակ անց Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին։ Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին` եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։

Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա ռուսերեն պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955թթ.)։ Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ.-ի մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։

Գարեգին Նժդեհի մտքերից

Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի՝ մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող:

Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը:

Բարոյական ուժն օգնում է փոքր ազգերի գոյությանը: Այն օգնում է նաև հայերին անհավասար կռվում: Այն տանում է հաջողության, ուժեղ թշնամու դեմ թույլերի հաղթանակի:

Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագավորեց Հայաստանում:

Իմ անունը պայքար է, իմ վերջը՝ հաղթանակը:

Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է:

Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:

Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնո՞ւմ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:

Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև, հաղթական հայրենիք չի ունենա:

Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:

Իմ ազգային դավանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ:

Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ:

Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում: