ՌԴ-ն ԵԱՏՄ-ում իր նախագահության տարում միացյալ օրակարգ կձևավորի․ Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանը 2023 թվականին ԵԱՏՄ-ում իր նախագահության տարում միացյալ օրակարգ կձևավորի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հաջորդ տարվա օրակարգը մեծ է։ 2023 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունն անցնում է Ռուսաստանին։ Եվ մենք, իհարկե, ձևավորում ենք միացյալ, դրական օրակարգ, որպեսզի այս տարին լինի հետագա առաջընթացի տարի»,-ասել է նա։

Մատվիենկոն նշել է, որ թե՛ ԱՊՀ-ում, թե՛ միութենական պետությունում, թե՛ Եվրասիական տնտեսական միությունում «Ռուսաստանի ոչ մի առաջատար դեր չկա», ուստի շատ երկրներ ձգտում են հայտնվել այդ ինտեգրացիոն միավորումներում։ «Մեզ փորձում են ինչ-որ առասպելական ամբիցիաներ վերագրել, սակայն նման բան չկա։ Այնտեղ ամեն ինչ հավասար է։ Եվ այդ պատճառով դա նույնպես հաշվի է առնվում այդ միությանը միանալու երկրների ցանկության դեպքում»,-ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ երկրներն այդ առումով շատ պրագմատիկ մոտեցում ունեն։ «Նախ, դրանք չքաղաքականացված կազմակերպություններ են։ Երկրորդ հերթին, այնտեղ կոնսենսուս կա, այնտեղ որոշումները կայացվում են միայն փոխշահավետ, բոլորի համար հասկանալի պայմաններով։ Եվ սա ևս մեկ ապացույց է, որ աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռություն»,-հավելել է նա։

Մատվիենկոն նաև գոհունակություն է հայտնել, որ բոլոր միավորումներում ինտեգրացիոն գործընթացները խորանում են։ «Այո, դրանք արդիականացվում են, հաշվի են առնում նոր իրողությունները։ Բայց դրանք զարգանում են, և դրանում կա դրա բոլոր մասնակիցների շահագրգռվածությունը»,-նշել է նա։