Մինչև չարձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը թշնամի է, ոչ թե քաղաքական հակառակորդ, մենք կործանվելու ենք (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն է:

Նարեկ Սամսոնյանը, անդրադառնալով ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից շուրջ 10 օր Գորիս-Ստեփանակերտ կյանքի ճանապարհի փակմանը և հայաստանյան իշխանության ներկայացուցիչների կողմից մեղավորության և պատասխանատվության սլաքները Ռուսաստանին ուղղելու փորձերին, ընդգծեց, որ այս իշխանությունները բոլոր ձախողումների, բոլոր արհավիրքների, որ բերել են մեր երկրի գլխին, մեղավորներ են կարգում և հիմա շատ լեգիտիմ թիրախ է Ռուսաստանը, «բայց ակնհայտ է՝ Արցախի շուրջ նմանատիպ իրավիճակի ստեղծման համար բավականին լավ հող է պատրաստել այս իշխանությունը, որովհետև իրենց անգործությամբ, տարբեր տեղերում՝ բրյուսելներում և պրահաներում տարատեսակ զիջումների գնալով Արցախի սուբյեկտության վերաբերյալ, անվստահության մթնոլորտ ստեղծելով Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերություններում, նրանք ամեն ինչ արել են, որպեսզի իրենք հասցնեն էս օրվան։ Այսինքն՝ մենք որպես ժողովուրդ էս իշխանությունների ձեռքը կրակն ընկած ենք», – հավելեց բանախոսը, ընդգծելով, որ իշխանության կողմից Ռուսաստանին թիրախավորելը համահունչ է ադրբեջանական քաղաքականության, քանզի ռուս խաղաղապահը թիրախավորվում է երկու կողմից էլ։ Ալիևը, Փաշինյանը և Էրդողանը նույն քաղաքական ծնունդն են, նույն ակունքներից են գալիս, քանզի նրանց նպատակները նույնն են։

Սամսոնյանը հիշեցրեց, երեկ ՄԱԿ ԱԽ նիստում ադրբեջանցի պատվիրակի խոսքը, որում  հստակ թիրախավորվում էր Ռուբեն Վարդանյանը և երրորդ կողմը՝ Ռուսաստանը, և ոչ թե Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը կամ որևէ այլ պաշտոնյա։

ՄԱԿ ԱԽ նիստում ըստ էության բոլոր երկրների արձագանքը մեկն էր, որ սա անընդունելի վիճակ է և պետք է անհապաղ բացել Լաչինի միջանցքը, բանախոսի խոսքով՝ այդ ամենը գործնական տեսք չի ստանալու և անիմաստ է ակնկալել, որ նույնիսկ բանաձև կընդունվի։

Նարեկ Սամսոնյանը նշեց, որ միակ ելքը մեր պետականությունները կործանումից փրկելու համար այս իշխանություններին հեռացնել է և «մինչ իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը չարձանագրեն, որ Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ թշնամի է, ոչ թե քաղաքական հակառակորդ և համապատասխան գործողություններ չձեռնարկեն, սրանք միտինգներով չեն գնալու, սովորական ելույթներով չեն գնալու։ Մինչև մենք սա չարձանագրենք, համապատասխան գործողություններ չանենք, էս վիճակը չենք լուծելու, ամեն անգամ ունենալու ենք ավելի ուժեղացած թուրքական իշխանություն Հայաստանում, ավելի թուլացած և ավելի թուլացող հայկական բնակչություն Հայաստանում»։

Մանրամասները՝ տեսանյութում