Անընդունելի է Լաչինի միջանցքի փակումը. հումանիտար ճգնաժամը պետք է արագ լուծում ստանա. Գերմանիայի դեսպան

Լաչինի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամի վտանգները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

ԱՆ-ից հայտնում են, որ նախարարը կարևորել է, որ Եվրամիության երկրներն իրենց ձայնը բարձրացնեն և կանխեն հնարավոր աղետը:

Դեսպան Վիկտոր Ռիխտերն իր մտահոգությունն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` նշելով, որ Գերմանիայի կառավարությունն ու Մարդու  իրավունքների պաշտպանը ևս հանդես են եկել իրավիճակը դատապարտող հայտարարություններով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համավարակի շրջանում ԳԴՀ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությանը, քննարկվել են ընդլայնված համագործակցության հնարավորությունները մի շարք ոլորտներում` ուռուցքաբանություն, հիվանդանոցների միջև կապի ապահովում,  առողջության ապահովագրության ներդրում, ԱԱՊ բարեփոխումներ և այլն:

Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: