Արցախում հիմնական խնդիրը դիզվառելիքի հետ է կապված, սակայն այս օրերին աշնանացանը շարունակվել է. փոխնախարար

Չնայած ստեղծված իրավիճակին՝ Արցախի Հանրապետության Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում շարունակվում են աշնանացանի աշխատանքները։ Այս մասին «Արցախպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը: «Մինչև Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող կենսական ճանապարհը փակելը և գազամատակարարման անջատումը՝ կային եղանակային պայմանների հետ կապված խնդիրներ, որոնք խոչընդոտում էին աշնանացանի աշխատանքների իրականացմանը: Հիմնական խնդիրը դիզվառելիքի հետ է կապված: Պետք է նշել, որ ունենք հողօգտագործողներ, որոնք արդեն պահեստավորել էին իրենց անհրաժեշտ դիզվառելիքը և եղանակային պայմանները բարելավելուն պես այս օրերին շարունակել են աշխատանքները: Չնայած տարածաշրջանի համար ցանքսի օպտիմալ ժամկետներն ավարտված են, բայց մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով հողօգտագործողները չեն հասցրել կամ հնարավոր չի եղել աշնանացան կատարել: Դրա համար փորձում ենք հնարավորինս օգտագործել բարենպաստ պայմանները և գործն ավարտին հասցնել»,-մանրամասնեց փոխնախարարը՝ հավելելով, որ հիմնականում մոտ 80 տոկոսով աշնանացանն իրականացվել է և մոտ օրերին բոլոր աշխատանքները կավարտվեն:

«Աշնանացանի իրականացումը կապված է մեր պարենային անվտանգության հետ: Դեռ անցած ամռանն արգելել ենք Արցախի Հանրապետության տարածքից հացահատիկի արտահանումը, որ նման իրավիճակում ցորենի և անասնակերի խնդիր չունենանք: Պետք է ունենալ սեփական պաշարներ, որպեսզի այսպիսի իրավիճակներում կարողանանք դիմակայել»-նշել է Վ. Ավետիսյանը: