Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարևոր իրադարձությունները հակիրճ․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին տասն օրերի կարևոր իրադարձությունները հակիրճ։ 

Ռազմական իրադրություն

  • Մարոկկոն Ուկրաինային T-72 տանկերի պահեստամասեր կմատակարարի։ Մարտական մեքենաներն ավելի վաղ աֆրիկյան երկրի կողմից գնվել էին Բելառուսից:
  • Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բունդեսվերի բանակային պահեստներում ազատ Patriot զենիթահրթիռային համակարգեր չկան Ուկրաինային փոխանցելու համար։
  • ՈւկրԷներգոն հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 հրթիռ և անօդաչու թռչող սարք։
  • Ուկրաինայի օդուժի ներկայացուցիչը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության միջոցները չեն կարող խոցել ռուսական «Իսկանդեր» համալիրի հրթիռները, ինչպես նաև իրանական բալիստիկ հրթիռները, եթե դրանք ստանան և կիրառվեն Ռուսաստանի կողմից:
  • Սլովակիայի արտաքին գործերի նախարար Ռոստիսլավ Քաթչերը հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է Ուկրաինային հանձնել իր ՄիԳ-29 կործանիչները, դրա համար նախապատրաստությունները կարող են սկսվել առաջիկա շաբաթներին։
  • Մարոկկոն, որոշ տեղեկություններով, հրաժարվել է Չեխիայից պատվիրված T-72m մարտական տանկերից՝ դրանք Ուկրաինային հանձնելու օգտին։ Ավելի վաղ հենց Մարոկկոն էր աֆրիկյան երկրներից առաջինը հայտարարել նմանատիպ մոդելի տանկերի համար նախատեսված պահեստամասերը՝ Կիևին հանձնելու մասին:
  • Սպիտակ տունն այսօրվա դրությամբ պատրաստ չէ հաստատել Patriot զենիթահրթիռային համալիրների ընդգրկումն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթում։
  • Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում Ուկրաինային է փոխանցել IRIS-T ՀՕՊ համակարգերի զենիթային հրթիռներ։
  • Ուկրաինան ակտիվ կիրառում է Չեխիայի կողմից փոխանցված RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։
  • Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտների վրա դեկտեմբերի 16-ի հրթիռային հարվածների ժամանակ արձակվել է 76 միավոր X-101, «Կալիբր» և X-22 թևավոր հրթիռ, ինչպես նաև 4 x-59/x-31P կառավարվող ավիացիոն հրթիռ: Զալուժնիի խոսքով դրանցից 60-ը խոցվել են օդում։
  • Լոնդոնի կողմից Ուկրաինային տրամադրած սպառազինության աուդիտ կանցկացվի Մեծ Բրիտանիայի կողմից։
  • Հաջորդ տարի Մեծ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի մոտ 250 միլիոն ֆունտ (286 միլիոն եվրո) արժողությամբ մի քանի հարյուր հազար հրետանային զինամթերք: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
  • Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունում հայտարարել են, որ գործողություններ են իրականացնում Ռուսաստանի տարածքում, բայց միայն ռազմական օբյեկտներում։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բալթյան երկրներին կոչ է արել Կիևին ժամանակակից սպառազինություն մատակարարել, մասնավորապես՝ Archer ACS, JAS 39 Gripen կործանիչներ և Leopard 2 մարտական տանկեր:
  • Ադրբեջանից Ուկրաինա է տեղափոխվել 45 ուժային տրանսֆորմատոր և 50 գեներատոր։
  • Ֆրանսիան Ուկրաինային փոխանցել է վեց միավոր TRF1 155 մմ-անոց քարշակվող հաուբից։
  • Սլովակիայում ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոն է բացվել։ Այն գտնվում է Ուկրաինայի սահմանի մոտ։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունում Ուկրաինայի հարցով հատուկ շտաբի ղեկավար Քրիստիան Ֆրոյդինգը հայտարարել է, որ այնտեղ վերանորոգում են գերմանական Panzerhaubitze 2000 հաուբիցները, որոնք մաշվել կամ վնասվել են պատերազմի ընթացքում։
  • Նոյեմբերին Ուկրաինան Թուրքիայից ներմուծել է մոտ 9,6 միլիոն դոլար արժողությամբ ևս երկու Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք։
  • Ֆրանսիան և Իտալիան պայմանավորվել են Ուկրաինային մատակարարել SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգեր։
  • Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտնել է, որ Ռուսաստանին հաջողվել է Իրանից սպառազինության նոր խմբաքանակ ստանալ։ Յուսովը նշել է, որ այս խմբաքանակը ակնհայտորեն ավելի փոքր է, քան նախորդը։
  • ՌԴ ՊՆ-ի տվյալներով Ուկրաինայում ողջ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 344 ինքնաթիռ, 184 ուղղաթիռ, 2684 ԱԹՍ, 398 ԶՀՀ, 7159 տանկեր և այլ զրահամեքենաներ, 931 ՀԿՌՀ, 3691 հրետանային միջոցներ, 7664 հատուկ զինվորական մեքենաներ։
  • Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ տարածած հաղորդագրության համաձայն ռուսական կողմը պատերազմի սկզբից մինչև դեկտեմբերի 20-ը կրել է հետևյալ կորուստները՝ մոտ 99230 մարդ, տանկ 2995, զրահապատ մեքենաներ 5974, հրետանային համակարգեր 1960, ՀԿՌՀ 410, ինքնաթիռներ 281, ուղղաթիռներ 266, օպերատիվ-մարտավարական մակարդակի ԱԹՍ 1680, թևավոր հրթիռներ 653, ռազմանավեր 16, ավտոմոբիլային տեխնիկա և ավտոցիստեռն 4599։

Բանակցային գործընթաց

  • Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինայում «ամանորյա զինադադարի» վերաբերյալ քննարկումներ օրակարգում չկան։
  • ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի կողմից «լուրջ տրամադրվածություն» չի տեսնում Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների համար։
  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է փորձել կեղծ զինադադար կնքել, որպեսզի թույլ տա ռուսական զորքերին վերախմբավորվել և կրկին հարձակվել Ուկրաինայի վրա։
  • Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան «The Wall Street Journal» պարբերականի հետ զրույցում նշել է. «Ռուս օկուպանտները չեն ցանկանում բանակցություններ վարել և պատրաստվում են նոր ռազմական գործողությունների Ուկրաինայի դեմ»։
  • Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդգուզենը հայտարարել է, որ Ուկրաինան ինքնուրույն որոշում կկայացնի Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ բանակցություններ անցկացնելու մասին։ Նա ընդգծել է, որ այս պահին Ուկրաինայի համար իմաստ չունի բանակցել ՌԴ-ի հետ։
  • Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին թերահավատ է Ռուսաստանի անկեղծության պահով, թե վերջինս անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում։ Կլևերլին հայտարարել է, որ Բրիտանիան աջակցում է խաղաղ բանակցությունների շուտափույթ անցկացմանը Ուկրաինայի կողմից խաղաղության չափանիշները սահմանելու պայմանով։
  • Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. «Եթե Պուտինն այժմ կանգնի 1991թ.-ի սահմաններին, կսկսվի դիվանագիտության հնարավոր ուղին։ Ահա թե ով կարող է պատերազմը ռազմական ուղուց տեղափոխել դիվանագիտական ճանապարհ։ Միայն Պուտինը կարող է դա անել»։
  • Հենրի Քիսինջերը «The Spectator» պարբերականում գրել է. «Ես բազմիցս իմ աջակցությունն եմ հայտնել դաշնակիցների ռազմական ջանքերին, որոնք ուղղված են Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի դադարեցմանը։ Բայց մոտենում է ժամանակը հենվել արդեն իսկ իրականացված ռազմավարական փոփոխությունների վրա և դրանք ինտեգրել նոր կառույցի մեջ՝ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու համար»։ Քիսինջերը խաղաղության կոչ է արել և երկխոսության առաջին պայմանն, ըստ Քիսինջերի, ռազմական գործողությունների դադարեցումն է և «սահմանների» երկայնքով հրադադարի գծի ստեղծումը, որը գոյություն է ունեցել մինչև փետրվարի 24-ը: Նրա խոսքով՝ օկուպացված Ղրիմի վերադարձն Ուկրաինային կարող է քննարկվել միայն դրանից հետո։

Արտաքին քաղաքական իրադրություն

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել է. «Մտավախություն ունեմ, որ Ուկրաինայում պատերազմը դուրս կգա վերահսկողությունից և կվերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մեծ պատերազմի։ Բայց ես վստահ եմ, որ մենք կխուսափենք դրանից»։
  • ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, չնայած Եվրամիությունը զենքով օգնեց Ուկրաինային, բայց հասկացավ, որ սպառել է իր ռազմական պաշարները։ «Մենք հասկացել ենք, որ մեզ պակասում են կրիտիկական պաշտպանական հնարավորությունները, որպեսզի պաշտպանվենք հենց մայրցամաքում առկա սպառնալիքներից»,- նշել է նա։
  • Վլադիմիր Զելենսկին Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ հաջողվել է «ուժեղ պայմանավորվածությունների» հասնել։
  • Իտալիայում հայտարարել են, որ կդադարեն Ուկրաինային զենք մատակարարել այն պահից, երբ սկսվեն խաղաղ բանակցությունները։
  • Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի, քանի որ երկու կողմերն էլ բավականաչափ ուժ ունեն պատերազմի համար, իսկ առաջիկա ձմեռը կդառնա ամենածանրը:
  • Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ուկրաինայի ներկայիս հակամարտությունն անվանել է «համաշխարհային պատերազմ», որը մոտ ժամանակներս չի ավարտվի։
  • Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է. «Մենք Ուկրաինայում ոչ մի կողմի զենք չենք տրամադրել, և պնդումները, թե զենք ենք ուղարկում Ռուսաստան, գալիս են այն երկրներից, որոնք ամենից շատ զենք են արտահանում»։
  • Իտալիայի Սենատը հավանություն է տվել 2023թ-ին Ուկրաինային զենքի մատակարարմանը, ինչը նշանակում է, որ ռազմական տեխնիկան և սարքավորումները Ուկրաինային կտրամադրվեն ամբողջ 2023թ.-ի ընթացքում՝ առանց իտալացի օրենսդիրների առանձին համաձայնության անհրաժեշտության։ Իտալիայի Սենատի անդամները նաև աջակցել են երկու բանաձևերին, որոնք կոչ են անում շարունակել ռազմական օգնությունը Ուկրաինային: Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու մասին բանաձևը մերժվել է։
  • ԱՄՆ-ն Ուկրաինային 13 միլիոն դոլար արժողությամբ էներգետիկ սարքավորումներ է ուղարկել։
  • ՄԱԳԱՏԷ-ն մշտական առաքելություններ կուղարկի բոլոր ուկրաինական ատոմակայաններ, հայտնել է գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
  • Կանադայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը հայտնել է էներգահամակարգի վերականգնման համար Ուկրաինային 115 մլն դոլար փոխանցելու մասին։
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային 18 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթին։
  • Ֆրանսիան Ուկրաինային ավելի քան 60 մլն եվրո արժողության երկաթուղային ռելսեր և թեթև հավաքման կամուրջներ կտրամադրի։ 

Ներքին զարգացումներ

  • Ուկրաինայի Ազգային բանկը թույլատրել է օտարերկրյա վարձկաններին, որոնք մասնակցում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններին, գումար փոխանցել Արտասահման:
  • «ՈւկրԷներգո» ընկերությունը արտակարգ իրավիճակ է հայտարարել էներգետիկայի ոլորտում։ Շարքից դուրս է եկել երկրի էներգահամակարգի կեսը։ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին այսօրվա զանգվածային հարվածների արդյունքում կանգնեցվել են Հարավ-Ուկրաինական ԱԷԿ-ի բոլոր բլոկները, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում երկրի հարավային և արևմտյան շրջաններին, ինչպես նաև էլեկտրաէներգիա են մատակարարում արտահանման համար:
  • Պատերազմի ողջ ընթացքում Ուկրաինայից Լեհաստան է ժամանել 8,5 միլիոն մարդ: Նման տեղեկատվություն է տրամադրում Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։ Նշվում է, որ այդ ընթացքում հայրենիք է վերադարձել գրեթե 6,5 մլն մարդ։ 

Միջազգային մեդիայի արձագանք

  • «Politico» պարբերականը գրել է, որ ԱՄՆ ՌՕՈւ-ն պատրաստ է Ուկրաինային փոխանցել MQ-9 Reaper մոդիֆիկացված հարվածային անօդաչու թռչող սարքեր, իսկ դրա փոխարեն գնել ժամանակակից սարքեր։ Այս պահին քննարկվում է Կիևին ԱԹՍ-ի տվյալները փոխանցելու հնարավորությունը։
  • «The Times» պարբերականը գրել է, որ Պենտագոնը Ուկրաինային «կանաչ լույս» է տվել Ռուսաստանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարվածների համար։
  • «The Wall Street Journal» պարբերականը գրել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային նվիրված զենքի մի մասը երկար ժամանակ թիկունքում է եղել՝ տեխնիկական սպասարկման բարդ ընթացակարգերի և եվրոպացի դաշնակիցների միջև հակամարտության պատճառով։ Ամենից շատ տուժել են հաուբիցները, որոնց 90%-ը պետք է սպասարկվի Ուկրաինայի սահմաններից դուրս։
  • Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկու միավոր Skynex զենիթահրթիռային համալիրների ստացող երկիրը կդառնա Ուկրաինան, իսկ ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցնում Գերմանիայի կառավարությունը։
  • «Politico» պարբերականը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին Եվրոպայի համար ապագայում ավելի դժվար կլինի Ուկրաինային զենք մատակարարել, իսկ ԱՄՆ Կոնգրեսը կարող է արգելակել Կիևին սպառազինությունների մատակարարումը։
  • «Financial Times» պարբերականը գրել է, որ Ուկրաինան փաստացի սպառել է «Բուկ» համալիրների համար նախատեսված զենիթային հրթիռների պաշարները, իսկ նորերը գնել կամ ստանալ հնարավոր չէ։
  • «Bloomberg» գործակալությունը գրել է, որ եթե Ուկրաինայի հակամարտությունը ձգձգվի ամբողջ ձմռանը, ապա Վլադիմիր Պուտինը կարող է հաղթել այս պատերազմում։
  • «Politico» պարբերականը գրել է, որ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել Patriot զենիթահրթիռային համալիրներ և JDAM կոմպլեկտներ այն մտավախությունների պատճառով, որ Ռուսաստանը կարող է կրկնել հարձակումը Կիևի վրա: