Բրյուսելում բողոքի ցույց է անցկացվել՝ ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականությանը վերջ տալու պահանջով

Բելգիայի հայերի կոմիտեի, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի, ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախմբի և Բելգիահայ դեմոկրատների միության համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին Բրյուսելում անցկացվել է բողոքի ցույց՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականությանը վերջ տալու պահանջով։ Այս մասին տեղեկանում է ՀՅԴ-ից:

Եվրոպական Միության իշխանության գործադիր մարմինների գլխավոր գրասենյակների կողքին՝ Շումանի անվան հրապարակում, անցկացված բողոքի ցույցի մասնակիցները Եվրոպական Միությունից պահանջել են՝

  • Ստիպել Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն բացել Բերձորի միջանցքը, երաշխավորել, որ այն նորից չի փակվի։
  • Ձեռնարկել շոշափելի քայլեր Արցախի բնիկ հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար։
  • Ձեռնարկել դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների սեփականությունների նկատմամբ։
  • Ճանաչել Արցախի Հանրապետությունը և այնտեղ հաստատել հումանիտար գրասենյակ։
  • Անհապաղ կերպով ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները Հայաստանում։

Բողոքի ցույցին միացել էին բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ սենատորներ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորներ Կարլ Վանլաուեն, Ալեսիա Կլաեսը և Արցախի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե դը Բյուսը։ Նրանք բոլորը դատապարտել են ադրբեջանական պետության կողմից Արցախ տանող միակ ճանապարհի արգելափակումը, որը դեկտեմբերի 12-ից հանգեցրել է բնակչության լիակատար մեկուսացման։ Նրանք բոլորը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պայքարելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության համար։