Լաչինի միջանցքի շրջափակումն անթույլատրելի է. Զաս

Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը շատ կարևոր է, բոլոր կողմերը պետք է օգնեն և շահագրգռված լինեն խաղաղապահ զորակազմի գործունեությամբ։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռուստակամրջի ընթացքում։

«Մենք ռուս խաղաղապահների իրականացրած առաքելությունը համարում ենք շատ կարևոր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն դժվար է գերագնահատել։ Իհարկե, մեզ համար նշում ենք ոչ հեշտ պայմանները, հատկապես հիմա, երբ տեղի է ունեցել իրավիճակի սրում, այդ թվում Լաչինի միջանցքի շրջափակում։ Իհարկե, մեր կարծիքով, անհրաժեշտ է ազատություն տալ տեղաշարժվող մարդկանց և հումանիտար բեռներին։ Զրկանքները հասարակ մարդկանց համար անթույլատրելի են։ Անթույլատրելի է հումանիտար աղետը»,- ընդգծել է Ստանիսլավ Զասը։

Դեկտեմբերի 12-ի ժամը 10.30-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ութ օր Արցախ անհնար է մթերքներ և դեղորայք հասցնել։ Ավելի քան հազար մարդ, այդ թվում երեխաներ, մնացել են ճանապարհին։ Դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը փակել էր նաև Արցախի գազամատակարարումը, բայց դեկտեմբերի 16-ին ստիպված է եղել վերականգնել այն։