Ամերիկացի կոնգրեսականները Բայդենին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

Ադամ Շիֆի գլխավորությամբ մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և վերսկսել մարդասիրական օգնությունը արցախահայությանը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Նամակում ԱՄՆ-ի վճռական գործողությունների կոչ է արվում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, պահանջվում է դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին և վերսկսել մարդասիրական օգնությունը արցախահայությանը։

«Կոնգրեսական Շիֆի օկրուգի ամերիկահայերը միանում են մեր համայնքին և կոալիցիոն գործընկերներին Ներկայացուցիչների պալատի բոլոր օկրուգներում, որոնք ներկայացված են այդ նամակը ստորագրողների կողմից, և երախտագիտություն են հայտնում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դեմ նրանց սկզբունքային դիրքորոշման համար»,-նշել է NCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Բայդենի վարչակազմը պետք է առաջնորդություն ցուցաբերի՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանին ամերիկյան սպառազինության մատակարարումն ու օգնությունը և թողարկելու արտակարգ հումանիտար օգնության հզոր փաթեթ Արցախի համար»,-ասվում է նամակում։

Սպիտակ տուն ուղարկված նամակում նշվում է, որ Ադրբեջանի կողմից կազմակերպված շրջափակումը «Ադրբեջանի ռազմատենչության վերջին օրինակն է, որը հետևում է Արցախի հայկական բնակչության նկատմամբ չարաշահումների լավ փաստաթղթավորված սխեմային, որը պայմանավորված է Ալիևի ռեժիմի հռետորաբանությամբ»։

Նամակի վերջում հեղինակները Բայդենի վարչակազմին կոչ են անում «օգտագործել իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու,  Ադրբեջանին ֆինանսական աջակցությունը դադարեցնելու և պատժամիջոցներ սհամանելու համար»։

«Մենք չենք կարող թույլ տալ Ադրբեջանին շարունակել ագրեսիայի և ահաբեկման քաղաքականությունը»,-ասվում է Ջո Բայդենին ուղղված կոնգրեսականների ուղերձում: