Լաչինի միջանցքի փակումը պոտենցիալ լուրջ հումանիտար հետևանքներ ունի. ԱՄՆ Պետդեպարտամենտ

Լաչինի միջանցքի փակումը պոտենցիալ լուրջ հումանիտար հետևանքներ ունի եւ, անկեղծ ասած, հետ է մղում խաղաղ գործընթացը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանթ Փաթելը։

«Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղում բնական գազի մատակարարումը վերականգնվել է։ Էներգետիկ ենթակառուցվածքների խափանումները կարող են հանգեցնել հումանիտար ճգնաժամի։ Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Եվ դա կարելի է անել բանակցությունների միջոցով»,-նշել է նա։

Ընդ որում, Փաթելն ասել է, որ չի կարող նշել հայկական և ադրբեջանական կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետները։

«Դուք գիտեք, որ պետքարտուղարը մեծ հետաքրքրություն և առավելագույն ուշադրություն է   ցուցաբերում այդ հարցին։ Նախարարության մյուս բարձրաստիճան ղեկավարները ևս ուշադրություն են դարձնում դրան, և մենք պատրաստվում ենք շարունակել ամենաակտիվ մասնակցությունը եւ գործը հասցնել մինչեւ վերջ»,-հավելել է նա։