Ռազմական և պաշտպանական իրադարձությունները Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները:

Չինաստան

  • Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում Պեկինի և Էր Ռիադի միջև ստորագրվել է ավելի քան 30 մլրդ դոլարի համաձայնագրերի փաթեթ։ Չինաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են զարգացնել փոխգործակցությունը նաև պաշտպանության ոլորտում։
  • Չինաստանը մշակել է փոքր հեռահարության հրթիռների և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի շարք՝ բարձր ճշգրտության հարվածների համար։ Այդ հրթիռների հարվածի դեպքում հավանական սխալի շառավիղը կլինի 1 մետր։
  • Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8 հետախուզական ինքնաթիռը Չինաստանի հետ ափի երկայնքով թռիչք է կատարել Թայվանի նեղուցով:
  • Հնդիկ և չինացի զինվորները վիրավորվել են Արունաչալի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով։ Դեկտեմբերի 9-ին Արունաչալ Պրադեշ նահանգի Տավանգ հատվածում բախում է տեղի ունեցել երկու կողմերի զինվորականների միջև։ Իսկ ավելի վաղ Հինդու գործակալությունը հայտնել էր Յանցզեում տեղի ունեցած բախման մասին։ Բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ վիրավորվել է մոտ 20 հնդիկ զինվոր և շատ ավելի մեծ թվով չինական կողմից: Բախումից հետո Հնդկաստանի և Չինաստանի զինված ուժերի հրամանատարները բանակցություններ են վարել իրավիճակը քննարկելու, հարցը կարգավորելու և խաղաղություն հաստատելու համար:
  • Իսկ դեկտեմբերի 15-16-ը հնդկական զինված ուժերը ծրագրել են զորավարժություններ անցկացնել ռազմաօդային ուժերը օդային տարածքում, որը հարակից է այն տարածքին, որտեղ տեղի է ունեցել սահմանային միջադեպը: Հույս կա, որ այս զորավարժությունը չի վերածվի երկու պետությունների հարաբերություններում լարվածություն ստեղծելու նախադրյալի։
  • Հնդկաստանի զինված ուժերը Տավանգի շրջան են տեղափոխել (Արունաչալ Պրադեշ նահանգ) առնվազն ութ 155 մմ տրամաչափի ինքնագնաց K-9 հրետանային կայանքներ:
  • Չինաստանը մեծացնում է հնարավորությունները, որոնք վտանգի տակ են դնում ԱՄՆ տիեզերական ակտիվների մեծ մասը։ ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավար, ԱՄՆ բանակի գեներալ Ջեյմս Հ. Դիկինսոնը հայտարարել է, որ Չինաստանի հակաարբանյակային փորձարկումները տիեզերքը լցնում են բեկորներով:
  • Չինաստանի Շանսի նահանգի Թայյուան տիեզերակայանում դեկտեմբերի 8-ին իրականացվել է Երկրի հեռահար զոնդավորման «Գաոֆեն-5 01Ա» արբանյակի արձակումը «Չանչժեն-2D» կրող հրթիռի օգնությամբ: Չանչժեն շարքի կրող հրթիռի արձակումը թվով 453-րդն է։
  • Չինաստանի զինված ուժերը դեկտեմբերի 9-ին Թայվանի շրջան են ուղարկել 24 ինքնաթիռ և 4 նավ։ Թռիչքների ընթացքում վարժանքներ են անցկացվել մշակելով կղզու մասնակի շրջափակման իմիտացիան օդից։ Ներգրավվել են 14 ինքնաթիռ և 2 ԱԹՍ։
  • Չինաստանն անցկացրել է «Liu Xing-260» նոր բարձր արագությամբ և բարձր թռիչքային առաստաղ ունեցող անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքը։ Մշակումն իրականացվել է երեք տարվա ընթացքում։
  • Ամերիկացի փորձագետների գնահատմամբ՝ Չինաստանի իրական ռազմական բյուջեն 2022թ.-ին կազմել է 250-600 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ի տարբերություն մարտին հայտարարվածի՝ 1,45 տրիլիոն յուան (229,5 միլիարդ դոլար)։
  • RAND ամերիկյան հետազոտական կենտրոնը նշել է այն պոտենցիալ երկրների ցանկը, որը առաջիկայում կընդունեն Չինաստանի զինված ուժերը իրենց տարածքներում ռազմակայաններ տեղակայելով։ Դրանք են՝ Հասարակածային Գվինեա, Գաբոն, Անգոլա, Քենիա, Տանզանիա, Մարոկկո, Սիրիա, Իրան, Բահրեյն, Կատար, Օման, Եմեն, Պակիստան, Ջիբութի, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Բանգլադեշ, Մյանմար, Թաիլանդ, Լաոս, Կամբոջա, Շրի Լանկա, Ինդոնեզիա:
  • Չինական արտադրության FTC-2000g Mountain Eagle ուսումնամարզական ինքնաթիռների առաջին խմբաքանակը մատակարարվել է Մյանմարի ռազմաօդային ուժերին։

Թուրքիա

  • Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է նշանառության կանոնավորող MAM-T ավիացիոն զինամթերք ԱԹՍ-ների կիրառման համար: Զինամթերքի քաշը գրեթե 100 կգ է, կիրառման միջակայքը գերազանցում է 30 կմ-ը:
  • Թուրք գեներալ Բախտիյար Էրսայը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական։ Էրսայն իր հիմնական խնդիրներից մեկն արդեն համարել է ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին հասցնելը։
  • Թուրքիայում Հնդկաստանի դեսպանը հայտարարել է, որ «եթե պայմանները հասունանան, մենք կարող ենք սպառազինություն գնել Թուրքիայից»։
  • Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կայկկոնենը հայտնել է, որ Հելսինկին կատեգորիկ էմբարգո չի սահմանում Թուրքիային զենքի մատակարարումների վրա։ Մոտ ժամանակներս Ֆինլանդիան կարող է Թուրքիային որոշ սպառազինությունների արտահանման լիցենզիաներ տրամադրել։ Նա նշել է, որ դրական հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։ Հանդիպմանը չի հստակեցվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնելու Թուրքիայի պատրաստակամության ժամանակացույցը: Բայց «Մենք պետք է համբերատար լինենք»,- նշել է նա:
  • ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները հանդիպում են անցկացրել Ստամբուլում։
  • Դեկտեմբերի 9-ին Ֆիլիպինները Թուրքիայից ևս երկու «АТАК» T129 հարձակողական ուղղաթիռ են ստացել։
  • Նոյեմբերին Ուկրաինան Թուրքիայից ներմուծել է ևս երկու Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք՝ մոտ 9,6 միլիոն դոլար արժողությամբ։
  • Թուրքական հատուկ ծառայությունը՝ MIT, ձերբակալել է Մոսադի 44 գործակալների, որոնք կասկածվում են Թուրքիայում բնակվող պաղեստինցի քաղաքացիների մասին տեղեկություններ հավաքելու մեջ: Հայտարարվել է, որ մնացած 13 անձինք նույնպես գտնվում են հսկողության տակ։
  • Մոսկվայի ու Անկարայի միջև շարունակվում են քննարկում-բանակցությունները Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր ռազմագործողություն իրականացնելու հարցում: Հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը: Վերջինը նշել է, որ իրենք շարունակում են աշխատանքները ցամաքային ռազմագործողության մտադրությունից հրաժարվելու հարցում Անկարային համոզելու ուղղությամբ:
  • Թուրքիայի պաշտպանության նախարարը հերքել է քիմիական զենք օգտագործելու մեղադրանքները. «Մեկ անգամ ևս նշում ենք, որ Թուրքիայի բանակը քիմիական զենք-զինամթերք չի արտադրում, չի տարածում, չի պահեստավորում և առհասարակ օգտագործման համար չնախատեսված ոչ մի տեսակի զենք ու զինամթերք երբեք չենք ունեցել ձեռքի տակ չենք ունեցել և չունենք»։
  • Օտարերկրյա պետությունների ռազմական նավերը պետք է Թուրքիայի ծառայություններին տեղեկացնեն ներքին ջրեր կամ նավահանգիստներ մուտք գործելուց 5 մղոն առաջ։ Օտարերկրյա ռազմածովային ուժերի նավերը չեն կարող Թուրքիայի օդային տարածքում օգտագործել օդաչուավոր և անօդաչու սարքեր՝ առանց Թուրքիայի թույլտվության։

Իրաք

  • Իսրայելական բանակի գլխավոր շտաբի պետը հաստատել է նոյեմբերի սկզբին Իրաքի և Սիրիայի սահմանին սպառազինության շարասյան վրա հարվածը:
  • Իսրայելական կործանիչի օդաչուները հստակ գիտեին, թե որ մեքենայում է իրանական զենքը, երբ նոյեմբերի սկզբին հարվածում էին Իրաքի և Սիրիայի սահմանին գտնվող 25 բեռնատարներից կազմված շարասյանը: Սա թվով ութերորդ բեռնատարն էր, որը խոցվել էր հրթիռով։
  • Իրաքի զինված ուժերը լուսանկարներ են հրապարակել Համրին լեռներում «Իսլամական պետության» թիրախներին ավիահարվածի վերաբերյալ։ Ճշտված տվյալներով՝ հարձակման ժամանակ ոչնչացվել է 6 ահաբեկիչ։
  • Թուրքական Milliyet թերթը գրել է, որ թուրքական բանակն Իրաքում և Սիրիայում ոչնչացրել է 364 ահաբեկչի «Սուր և մագիլ» գործողության ընթացքում։ Այս մասին խորհրդարանում ռազմական գերատեսչության բյուջեի քննարկման ժամանակ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
  • Թուրքիան նոյեմբերի 20-ից օդային գործողություն է իրականացնում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) սիրիական թևի դեմ Սիրիայի հյուսիսում։ Հաղորդվում էր Քոբանի քաղաքի, ինչպես նաև Իրաքի հյուսիսում հարվածների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողությունը հաջող է անվանել և չի բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային գործողությունը:
  • Իրաքի ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցրել Նարին գետի և Համրին լճի շրջանում զինյալների և Գ-ի հայտնաբերված կուտակումներին ։

Սիրիա

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ՝ Արաբական Հանրապետության հյուսիսում քրդական ուժերի դեմ ցամաքային գործողություն իրականացնելու Անկարայի նախապատրաստման համատեքստում։
  • Թուրքական օդուժը վերսկսել է Հասաքե նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Թալ-Թամր շրջանի բնակավայրերի գնդակոծությունը։ Թուրքիայի օկուպացիոն ուժերը հրետանային հարվածներ են հասցրել Թել ալ Լյաբան և Ալ Կուզելիա գյուղերին, որոնք գտնվում են Թել Թամրայից դեպի արևմուտք գտնվող M4 միջազգային մայրուղուց հարավ և քաղաքից հյուսիս-արևելք գտնվող Ում ալ Հեյրե գյուղերին:
  • Թուրքական բանակի հրետանին շաբաթ օրը հարվածներ է հասցրել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջակայքին։
  • Սիրիական ԶԼՄ-ները պնդում են, որ իսրայելական օդուժը դեկտեմբերի 11-ի գիշերը հարված է հասցրել երկրի հարավում գտնվող թիրախին:

Իսրայել

  • Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները դեկտեմբերի 8-ի գիշերը հարձակում են իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին:
  • Հազարավոր զինծառայողներ և հարյուրավոր միավոր մարտական տեխնիկա են գործի դրվել երկրի հյուսիսում Իսրայելի պաշտպանության բանակի անսպասելի զորավարժությունների շրջանակում:
  • Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հետ սահմանին խոշոր զորավարժություններ է անցկացնում ՝ Բեյրութի օդանավակայանին հարված հասցնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների ֆոնին։
  • Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Iron Fist ակտիվ պաշտպանության համալիրի փորձարկումների կադրերը, որով նախատեսվում է համալրել Eitan զրահամեքենան և D9 զրահապատ բուլդոզերները:

Աֆղանստան

  • Չինաստանի իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել հեռանալ Աֆղանստանից Քաբուլում հյուրանոցի վրա ահաբեկիչների հարձակումից հետո, որի հետևանքով տուժել են Չինաստանի հինգ քաղաքացիներ:
  • Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կարգադրել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությանը իր աշխատակիցներին ուղարկել Քաբուլ՝ Աֆղանստանում Իսլամաբադի դեսպան Օբեյդ ուր-Ռեհման Նիզամանիի վրա դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած հարձակման հետաքննության համար: Նիզամանին գնդակոծվել է դեսպանատան տարածքում։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը», իսկ թալիբների վարչակազմը ձերբակալել է դրա անդամներից մեկին։
  • Աֆղանստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին տարհանվել են Քաբուլում Պակիստանի դեսպանատան աշխատակիցները։
  • Պակիստանը մարտական ուղղաթիռներ է գործի դրել Աֆղանստանի հետ սահմանին ցամաքային ուժերին աջակցելու համար, որտեղ նոր մարտեր են սկսվել թալիբների դեմ:

ՆԱՏՕ

  • Թուրքական իշխանությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում հասկացրել են, որ եթե սկանդինավյան երկու երկրների կողմից առաջընթաց չգրանցվի հետախուզվող անձանց արտահանձնման և զենքի վաճառքի վերաբերյալ նախագահ Էրդողանի պահանջների կատարման հարցում մինչև 2023թ.-ի մարտ, ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կարող է հետաձգվել առնվազն մինչև հաջորդ տարվա աշուն՝ Թուրքիայում համընդհանուր ընտրությունների պատճառով։
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել է. «Վախենում եմ, որ Ուկրաինայում պատերազմը դուրս կգա վերահսկողությունից և կվերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մեծ պատերազմի։ Բայց ես վստահ եմ, որ մենք կխուսափենք դրանից»։
  • Սերբիան հարցում կուղարկի ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարին Կոսովոյում Սերբիայի անվտանգության ուժերի զորակազմ տեղակայելու վերաբերյալ։ Հայտարարել է Ալեքսանդր Վուչիչը։
  • Սերբական բանակն ու ոստիկանությունը հավաքագրվում և տեղափոխվում են Կոսովոյի հետ սահման՝ տարածաշրջանի Սերբական բնակչության անվտանգության ապահովման հնարավոր գործողության նախաշեմին: Բելգրադը ՆԱՏՕ-ին պաշտոնական հարցում կուղարկի Կոսովոյում և Մետոխիայում իր ստորաբաժանումները տեղակայելու համար:
  • ՆԱՏՕ հայտարարության մեջ նշվում է, որ գալիք տարվա ռազմական բյուջեն 2022 թվականի համեմատ աճել է 25 տոկոսով։
  • Անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները, որոնք ընկել են ահաբեկիչների ձեռքը, սպառնալիքներ են ստեղծել ՆԱՏՕ-ի համար։ Եվ հիմա դաշինքում պատրաստվում են ուժեղացնել պաշտպանությունը անօդաչու թռչող սարքերից, թևավոր և նույնիսկ հիպերձայնային հրթիռներից։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ ավիացիոն հրամանատարության ղեկավարի տեղակալ Ջոնի Սթրինգերին։

ՀԱՊԿ

  • ՀԱՊԿ քարտուղարությունում կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների մամուլի ծառայությունների տեղեկատվական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություններ։
  • Բելառուսի Նախագահի հանձնարարությամբ անվտանգության խորհրդի պետական քարտուղարության ղեկավարությամբ սկսվել է մարտական պատրաստության հանկարծակի ստուգում, հայտնում է Բելառուսի ՊՆ-ն։
  • Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել կենսաբանական անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների համակարգող խորհրդի 1-ին նիստը։